Գործարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Դեռեւս 2012թ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվել է գործարար Աշոտ Սուքիասյանը։
Ըստ ոստիկանության՝ 17.06.2013թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը անհայտ լինելու պատճառով, նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորում:
Քր․ գործի համաձայն՝ "Ձորագյուղ" Արտադրական Կոոպերատիվի տնօրեն Աշոտ Արշիկի Սուքիասյանը՝ չարաշահելով գործարար Փայլակ Հայրոյի Հայրապետյանի վստահությունը, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 4.025.675.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև` Փայլակ Հայրապետյանին, նրա որդուն` Վարդան Հայրապետյանին, և ազգական Գագիկ Ղարիբյանին խաբեությամբ պատճառել է առանձնապես խոշոր չափերով` 11.453.198.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ի դեպ, ըստ մամուլի՝ Աշոտ Սուքիասյանը Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից է, ինչպես Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը։