Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքը՝ վտարման սպառնալիքի տակ (տեսանյութ)

Հասարակություն
a88441a809f1089bed613d0300d2ac58

Ռուզաննա Գրիգորյանն իր հիվանդ որդու, մոր և կույր մորաքրոջ հետ ամեն օր լուսացնում է վախով. իրենց կարող է վտարեն։ Այս ընտանիքն արդեն 13 տարի է ապրում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարում՝ գնալու տեղ չունի։

«Ես այս հանրակացարանի վերևի հարկում ունեցել եմ երկու սենյակ, սակայն որդուս հիվանդության պատճառով վաճառել եմ և հոգացել բուժման ծախսերը»,- «Ա1+»-ին հայտնեց Ռուզաննա Գրիգորյանը։

Իր անչափահաս, ի ծնե հաշմանդամություն ունեցող որդու բուժման ծախսերը հոգալուց հետո, Ռուզաննան տեղափոխվել է նույն հանրակացարանի նկուղային հատված, որտեղ մինչ այդ որեւէ մեկը չի ապրել. «Էնքան ծախս եմ արել, շատ կեղտոտ էր, ահավոր կեղտոտ վիճակում է եղել, հարևանները տեսել են՝ մի մեքենա աղբ եմ թափել»։

Ռուզաննա Գրիգորյանին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ տարածքն ապօրինի է զբաղեցրել եւ պետք է ազատի այն։ Մինչդեռ նրա խոսքերով, թե նախագահի, թե Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրեն վստահեցրել են, որ նկուղային հատվածը իրենն է։
«Հունիսի 28-ին ես պետք է հանդիպեմ պետգույքի պետի հետ, սակայն հույս չունեմ, որ ինչ որ բան դուրս կգա, լավ կլինի»,-նշեց հանրակացարանի բնակչուհին։


Ռուզաննայի խոսքը հաստատեց նաեւ նրա մայրը՝ հավելելով,որ պետգույքի աշխատակիցը ավագանու ընտրություններից առաջ ասում էր՝ Ռուզաննա ջան մի վախեցիր, դու ոչ մի սեփականություն չունես, քեզ հասնում է, նույն ասում էր նաև քաղաքապետարանի վերահսկողության պետը, բոլորն ասեցին, որ այս մեկ սենյակն Ալիկինն է։

14-ամյա Ալիկը թեև շատ քիչ է հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը, սակայն դժգոհում է սենյակի խոնավությունից: Նա դեռ չգիտի, որ կարող են կորցնել նաեւ այս տարածքը։ Իսկ իր երազանքների մասին խոսելիս տղան երկար չի մտածում. «Մենակ համակարգիչ եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում»։