Տաթեւը դարձնելու են ավելի հետաքրքիր
«Տաթեւ արհեստավորաց թեւ» մշակութային ՀԿ-ն Տաթեւում կազմակերպում է ցուցահանդես-վաճառք: Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 22-ին՝ հանդիսավոր արարողությամբ, որը կուղեկցվի երգ-երաժշտությամբ:
«Հանրապետության բոլոր գյուղական համայնքները խնդիրներ ունեն, բայց քանի որ Տաթեւը կարող է լինել տուրիստական կենտրոն` խնդիրներն ավելի ակնառու են: Նպատակ ունենք զբոսաշրջիկների առօրյան Տաթեւում ավելի հետաքրքրիր դարձնել, որպեսզի վանական համալիրն ու ճոպանուղին տեսնելուց հետո չձանձրանան»,-ասում է «Տաթեւ արհեստավորաց թեւ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանը եւ հավելում, որ նախատեսված ցուցահանդեսը տուրիստական ողջ շրջանում կցուցադրի հայ վարպետների, նկարիչների եւ արվեստագետների ստեղծագործությունները:
Ցուցադրվելիք նմուշների ոճը պարտադիր պետք է լինի հայկական եւ ձեռագործ: «Տաթեւ արհեստավորաց թեւ»-ը պատրաստ է խրախուսել ստեղծագործողներին, որենց աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով քիչ են ցուցադրվում:
Բացօթյա ցուցահանդեսն աշխարհին ճիշտ ներկայացնելու համար Հոլանդիայից Հայաստան է ժամանել PR մասնագետ Հանս Սիջսը:
Նա կամավոր է, Հայաստան է եկել շրջելու, հայկական մշակույթին ծանոթանալու եւ հարկ եղած դեպքում` օգնել հովանավորներ գտնելու հարցում:
«Պետք է գտնել խմբեր եւ մարդիկ արտասահմանում, ովքեր հետաքրքրված են հայկական մշակույթով եւ իմանալ, թե ինչ են նրանք ուզում տեսնել եւ ինչով են ավելի հետաքրքրված»,-ասում է PR մասնագետ Հանս Սիջսը, հավելում, որ շատ բան չգիտի Հայաստանի մասին, քանի որ գիշերն է Հայաստան եկել:
Հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու համար Սիջսը խորհուրդ տվեց գտնել համապատասխան խմբեր թեկուզ հենց Նիդեռլանդներում եւ իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ մատուցել ունեցած հարուստ մշակույթը:
Տուրիզմի զարգացումը ՀՀ մարզերում եւ Տաթեւում ենթադրում է նաեւ ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում հյուրանոցների, հյուրատների եւ զուգարանների կառուցում:
«Տաթեւ արհեստավորաց թեւ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանը նշեց, որ իրենց զբաղվում են միայն մշակութային խնդիրների հանրայնացմամբ, բայց ուրախ կլինեն, որ ենթակառուցվածքների խնդիրները նույնպես լուծվեն. «Տաթեւում գործող հյուրատներ արդեն կան, բայց այդ ամենը զարգացնելու համար պետական ծրագիր կա»: