Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիրանը կմթերեն 500 դրամո՞վ

Հասարակություն
bc783cdcb58dd570c9e45223a00527ee

Արարատի մարզում ծիրանի մթերման հետ կապված խնդիրներն արդեն կարգավորված են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Արտաշատի շրջանի մի քանի համայնքների բնակիչներ իրենց դժգոհությունն էին արտահայտել ծիրանի մթերման համար առաջարկվող ցածր գնից եւ փակել փակելով ճանապարհները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ քիչ առաջ են իրեն զեկուցել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն, Այգեզարդ եւ Նարեկ համայնքների բնակիչները դժգոհում են, որ ծիրանն արտահանող մի քանի ընկերություններ նվազեցրել են մթերման գները:

«Ես այս պահին գտնվում եմ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում, սակայն այնտեղ եմ ուղարկել իմ երկու տեղակալներին, խոսել եմ մարզպետի պաշտոնակատարի հետ, եւ արդեն կարգավորել ենք բոլոր խնդիրները»,- ասաց նա:

Սերգո Կարապետյանը նշել է նաեւ, որ խոսել է «Սպայկա» ընկերության տնօրենի հետ, եւ ընկերությունն արդեն Արտաշատ է ուղարկել իր ներկայացուցիչներին՝ այնտեղ 500 դրամով ծիրանի մթերում կազմակերպելու համար:

«Իհարկե եղել են մի քանի ընկերություններ, որոնք գինը մինչեւ 400 դրամ իջեցրել են, սակայն այս պահին ամեն ինչ կարգավորված է»,- ասաց նախարարը: Գյուղացիները դժգոհել են նաեւ այն բանից, որ մթերողները չեն կշռել ապրանքը, այլ վերցրել են այն արկղերով՝ մեկ արկղի դիմաց վճարելով 4000 դրամ, իսկ գյուղացիները պնդել են, որ մեկ արկղը կշռում է ոչ թե 10, այլ մինչեւ 13 կիլոգրամ:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարը հանձնարարել է մթերողներին անպայման կշռել ապրանքը եւ մթերել այն 500 դրամով: «Այժմ «Սպայկա» ընկերությունն այնտեղ աշխատում է այս պայմաններով: Խնդիրն արդեն լուծված է, եւ ես կարծում եմ, որ դժգոհություններ այլեւս չեն լինի»,- ավելացրեց նախարարը: