Ովքե՞ր կլինեն հայկական ավիափոխադրողները
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը շուտով տենդեր կհայտարարի ավիափոխադրումների համար: Ամենայն հավանականությամբ դրանք կլինեն երեքը: Այս մասին լրագրողներին ասաց Հանրային խորհրդի Ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը:
Դեռևս հայտնի են երկու ընկերության անուններ, որոնք հնարավոր է դառնան հայկական ավիաընկերություններ:
Դրանցից մեկը «Air Armenia»-ն է, որը ավիացիայի բնագավառում զբաղվել է բեռնափոխադրումներով:
«Իհարկե, հարկ կլինի լուրջ փոփոխություններ կատարել` ստանալ համապատասխան սերտիֆիկատներ, տեխնոլոգիաներ ներդնել, ինքնաթիռներ բերել, օդաչուական կազմ ունենալ, հսկողական մեխանիզմներ, և այն կկարողանա թռչել, բայց չեն կարծում, որ ամեն ինչ հեշտ ու արագ կստացվի: Երևի թե, հստակ թռիչքներ կկարողանան իրականացնել մյուս տարվա կեսից»,- ասաց Հանրային խորհրդի Ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը:
Ուղևորային փոխադրումներով զբաղվել ցանկացող մյուս ընկերությունը «Հայաստանի միջազգային ավիաուղիներն» են: Ըստ Լևոն Ղազարյանի, թեև այս ընկերությունը երկար ժամանակ շուկայում չի եղել, սակայն վերապատրաստվելուց հետո կկարողանա գործել:
Հայկական երեք ավիաընկերությունների ի հայտ գալով հնարավոր է տոմսերը վերադառնան իրենց հին գինին, սակայն սա դեռ չի նշանակում, որ այն կխթանի տուրիզմի զարգացմանը: Դրա համար առաջին հերթին նպատակահարմար են փոքր ավիացիայի գործարկումը: «Եթե գործեր օդային տաքսի հասկացությունը, ապա օրինակ Սոչիից հեշտությամբ կարող էին գալ Սանահին կամ Ստեփանակերտ, ոչ թե գային Զվարթնոց, հետո նոր ուղևորվեին այնտեղ: Այս դեպքում ինքնաթիռի տոմսերի գները շատ կիջնեն»,- ասաց Ավիացիայի ենթահանձնաժողովի անդամը:
Այս դեպքում, սակայն առաջ կգար մեկ այլ խնդիր` Զվարթնոց օդանավակայանը կկորցնի իր ուղևորների մի մասին. «Հետևաբար ֆինանսական խնդիրը կարգավորելու համար ստիպված կլինի նորից բարձրացնել գները»: