Օմբուդսմենի ինստիտուտը կրոնական ինստիտուտ չէ
Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտի հայտարարությունը.
Մարդու իրավունքների պաշտպանը ս.թ. հունիսի 7-ին պաշտոնական հայտարարություն է տարածել (http://www.ombuds.am/article/1013) «Խտրականության դեմ» օրենքի նախագծի պաշտպանության առնչությամբ: Մենք գտնում ենք, որ այդ հայտարարությամբ Պաշտպանի ինստիտուտը շեղում է արձանագրում իր էության ու լեգիտիմության սկզբունքներից և աղբյուրներից, որոնք են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու միջազգային իրավունքի նորմերը` «Փարիզյան սկզբունքները»: ՀՀ օրենսդրական նորմերի մշակման ու կիրառման գործընթացներում անհրաժեշտ է` հարգվեն ու կիրառվեն ՀՀ Սահմանադրական կարգն ու ոգին, նման գործընթացներն առաջնորդվեն քաղաքական ու քաղաքացիական բազմազան, խորքային ու բովանդակային լայնածավալ բանավեճերի և մշակույթի զարգացմամբ, աշխարհիկ պետության սկզբունքով: Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կամուրջ է հանդիսանում քաղաքացիական հասարակության և ՀՀ կառավարման համակարգի միջև և պարտավորություն է կրում պաշտպանելու և զարգացնելու ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական համակարգից բխող մարդու իրավունքների արժեհամակարգը, կարգն ու օրենսդրությունը` իր լիազորությունների սահմաններում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական և իրավական պետականակերտման նպատակի կենսագործման ճանապարհին` ՀՀ յուրաքանչյուր պետական ու հասարակական պաշտոնական ինստիտուտ պարտավոր է հարգել ու կենսագործել իր սահմանադրական և իրավական առաքելությունը, ապահովել ու զարգացնել այդ ինստիտուտի ստեղծման իմաստն ըստ սահմանադրական արժեհամակարգի ու սկզբունքների, զարգացնել քաղաքացիական և իրավական մշակույթն ու մեխանիզմները: Միայն նման գործելաոճը և սկզբունքայնությունը կարող են իրական վարկ ու վստահություն ապահովել հայ ժողովրդի ու քաղաքացիական հասարակության մեջ: