Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշողը դատավորն է` առանց հստակ դրույթների

Հասարակություն
68ebb80cbe26358640da705a05d92f1f

Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին,որ նա ՍԴ ներկայացնի Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու պահանջ։

Ըստ դրա՝ այն հանցագործությունների դեպքում, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում, վաղեմության հարցը կիրառում է դատարանը: Մինչդեռ նույն հոդվածի 4-րդ կետում ասվում է, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե հանցագործության ավարտից անցել է 20 տարի:

«Խնդիրն այն, որ չկան հստակ չափանիշներ: Օրենքը չի բացում փակագծերը, թե ինչ պետք է հաշվի առնի դատարանը վաղեմության ժամկետը կիրառելու կամ չկիրառելու համար»,- «Ա1+»-ին այսօր ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Այսինքն` նրա բառերով,. ստացվում է, որ դատավորը լրիվ կամայականորեն է որոշում` կիրառում է վաղեմության ժամկետ և հանցանք կատարած անձին ազատում է քրեական պատասխանատվությունից, թե հակառակը` չի կիրառում, և անձը ազատազրկվում է:

«Այս պարագայում ոչ տուժողը չի կարողանում հասկանալ, թե ինչու հանցագործը մի գրչի հարվածով ազատվեց քրեական պատասխանատվությունից, ոչ էլ հանցագործն է հասկանում, թե ինչու մեկ ուրիշը պետք է ազատվի պատասխանատվությունից, իսկ ինքը` ոչ»,- պարզաբանում է փաստաբանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմելիս փաստաբան Հայկ Ալումյանը չէր էլ ենթադրում, որ այս հարցը մեծ քննարկումների առիթ կդառնա: Պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է խնդիրը և հանգել այն եզրակացության, որ օրենքի այս կետը կիրառելով` հնարավոր է` խնդիր առաջանա անձի արդյունավետ իրավական պաշտպանության սահմանադրական իրավունքի հատ:

«Որովհետև վճռի մեջ երկու տողով նշվում է, որ դատարանը նպատակահարմար չի գտնում կիրառել վաղեմության ժամկետը: Այսինքն` նույն հաջողությամբ մեկ այլ դեպքում էլ կարող է նշել, որ նպատակահարմար համարում է, իսկ թե անձն ինչպես պաշտպանվի այս դրույթից, արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- ասաց Պաշտպանի գրասենյակի Իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

Հնարավոր է, որ շուտով այս հարցի վերաբերյալ քննարկումներ սկսվեն նաև Ազգային Ժողովում: