Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիոմիզանյութ՝ ցիանիդի փոխարեն

Հասարակություն
b468473a8eddbbe69be1a4a2c0ceb99a

«Մեղրաձոր Գոլդ» ընկերությունն առաջարկում է Մեղրաձորի ոսկու հանքաքարից ոսկու կորզումը ցիանիդի փոխարեն իրականացնել թիոմիզանյութով:

Ըստ «Էկոլուր»-ի՝ այս մասին նշված է ընկերության ոսկու կորզման արտադրամասի փոփոխված նախագծում, որը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը:

Թիոմիզանյութը, ՀՀ առողջապահության նախարարի 15.08.2005թ. թիվ 756-Ն հրամանի համաձայն, պատկանում է ուժեղ ազդեցություն ունեցող թունավոր նյութերի 2-դասին:

Թիոմիզանյութի օրեկան ծախսը կազմելու է 2340 կգ: Թեպետ նախագծում նկարագրվում է թիոմիզանյութով ոսկու կորզման տեխնոլոգիան, սակայն նախագծում կա ուշագրավ մի նախադասություն. «Բացի այդ հարկ է նշել, որ ձեռնարկությունում այս նախագծին զուգահեռ լաբորատոր պայմաններում խոշոր փորձնական սարքի վրա հետազոտություններ են կատարվում` հիդրոմետալուրգիական եղանակով ոսկու կորզման համար ցիանը փոխարինել թույլ տոկսիկ թիոմիզանյութով»:

Մեղրաձորի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում` Հրազդանի տարածաշրջանում, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյա մասում: Մոտակա բնակավայրը Մեղրաձոր գյուղն է, հանքից հեռու է մոտ 0.5 կմ: Մեղրաձորը գտնվում է սեյսմոակտիվ գոտում: Այստեղ հնարավոր են 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժեր:
Հիշեցնենք, որ Մեղրաձոր Գոլդ»-ի նախորդ նախագծով ոսկին պետք է կորզվեր ցիանիդի միջոցով: ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախագիծը հետ էր վերադարձրել ընկերությանը լրամշակման: