Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաղդալյանը կապ չի տեսնում (տեսանյութ)

Քաղաքականություն
f193a3ce22c792d020f1087a80553081

Եվրամիություն, թե՞ «Եվրասիական միություն, այս հարցերը եւս մեկ անգամ քննարկվել են մայիսի 27-28-ը ՌԴ Բելգորոդի մարզի Ստրոխորովկա քաղաքում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այս առումով հնչած զեկույցները տեղեկատվական-վերլուծական բնույթի էին:

«Եվրասիական միությանը ինտեգրացման տեսլականները քննարկվեցին նաեւ, ու մենք հայտարարեցինք, որ խիստ շահագրգիռ ենք մասնակցելու բոլոր ինտեգրացիոն գործընթացներին, որպեսզի հնարավորություն ունենանք հայկական բրենդները ավելի շատ հանել միջազգային շուկաներ եւ որոնք պաշտպանում են
հայկական շահերը»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ նման կատեգորիկություն հայկական կողմը չի տեսել՝ Եվրամիություն, թե Եվրասիական միություն. «ՌԴ նախագահ Պուտինը բավականին հստակ է արտահայտվել, որ երկու կառույցները բոլորովին էլ իրար չեն հակասում: Դեռ հարցը չհասունացած, սկսում են մեզանում աղմկել:

«Եվրասիական միություն»-ը կայացման ճանապարհն է կայանում, եւ որեւէ մեկը ՀՀ-ի առաջ խնդիր չի դրել՝ մեզ հետ եք, թե ոչ. սեւ ու սպիտակի մեջ չէ այս գործընթացը»:

Տիկին Նաղդալյանի վստահեցմամբ՝ հնարավոր է խորքային համագործակցություն՝ առանց Եվրասիական միությանը կամ Մաքսային միությանը անդամակցության, վերջինս, նրա գնահատմամբ, նախաաստիճանն է, որը հետո բերելու է Եվրասիական
ընդհանուր տարածքին:

«Եվրասիական միության վերաբերյալ զեկույցներով հանդես գալու նախաձեռնողը ՌԴ-ն է եղել, ու ես այստեղ տարօրինակություն չեմ տեսնում, քանի որ պետք էր հստակեցում՝ որ երկիրն ինչ դիրքորոշում ու պայմաններ ունի: Մենք էլ չխորշեցինք այս քննարկումից, քանի որ մեզ էլ էր դա կարեւոր: Մենք չենք ուզում պարփակվել մեր տարածքում, այլ կարեւոր է աշխարհին ինտեգրվելը»,- ասաց նա։

Արդյոք ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի թանկացումը չի՞ դիտվում որպես ճնշում Եվրասիական միությանն անդամակցելու առումով՝ մեր հարցին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը վստահեցրեց, որ սխալ են նման դիտարկումները, քանի որ նախորդ տարիներին եւս եղել են գազի գնի թանկացումներ, սակայն այն ժամանակ դեռ չկար Եվրասիական միության գաղափարը։

«Եվ ի վերջո, միշտ էլ լինելու է գազի գնի թանկացում, քանի որ գնորդը մենք ենք, իսկ վաճառողը ձգտում է իր ապրանքն ավելի թանկ գնով վաճառել: Սա շուկայի հիմնական օրենքն է: Ես չեմ տեսնում այդ կապը, չեմ էլ ուզենա կապել: Մենք տարիներ շարունակ ունեցել ենք այս խնդիրը ու փորձել լուծումներ գտնել»,-ասաց նա։
Արդյոք «Եվրասիական» միության հետ միայն խորը համագործակցություն
տեսնելով՝ ՀՀ-ն, այնուամենայնիվ, ձգտում է Եվրամիությո՞ւն. «Մենք մեծ ջաներ գործադրել ենք ու շարունակում ենք գործադրել, որպեսզի ավելի համապատասխանենք եվրոպական չափանիշներին: Դա ոչ թե միայն նրա համար է, որ մեզ ընդունեն Եվրամիություն կամ ԵԽ, այլ մեր պետությունն ու հանրությունը ապրեն ու զարգանան քաղաքակիրթ օրենքներով ու ստանդարտներով: Մենք մեր ապագան տեսնում ենք Եվրոպական քաղաքակիրթ երկրների ընտանիքում, իսկ ավելի կոնկրետ, ես սիրում եմ ասել՝ Հայաստանի հետ, հայաստանակենտրոն
ուղղվածությամբ»:

Ի դեպ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը տարին երկու անգամ է հանդիպում, որոնցից աշնանային հանդիպումները ՀՀ-ում են անցկացվում:

Հայկական պատվիրակության 28 անդամներից այս անգամ մասնակցել է 12-ը,բացառությամբ՝ ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների: