Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ մի խոսի, վերջը մենք մեղավոր դուրս կգանք»

Քաղաքականություն
6c9d35ea868b0f747c8f7238d86b7a27

ԱԺ-ն այսօր քննարկում էր 2012թ. տնտեսական ոլորտն ամբողջովին:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կոչով դիմեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասելով. «Բարեբախտաբար դուք մեր հաջողված նախարարն եք, սակայն այնպես արեք, որ հանրությանը այդ ջանքերը հասկանալի լինեն»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր երկու հարց՝ գազի գին եւ Որոտանի ՀԷԿ համալիրի մասին:

«Արդյոք Որոտանի ՀԷԿ-ը մասնավորեցվելու է, թե ոչ, եթե այո, ապա ինչ հիմնավորումներով, քանի որ դուք ներկայացրել եք 5,7 մլն դրամ մաշվածություն, ո՞րն է դրա տնտեսագիտական իմաստը: Բացի այդ, ներկայացրել եք 2,1 մլրդ շահույթ ընդամենը 401 մեգավատանոց հզորություն ունեցող կայանի համար եւ կրկնակի բարձրացրել եք սակագինը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է գազին, ապա պարոն Մինասյանը նշեց, որ Իրանից ներմուծվող գազի պայմանագրային ծավալը կարող էր ամբողջովին փակել ՀՀ-ի պահանջարկը, մինչդեռ մենք ներմուծել ենք 3 անգամ ավելի քիչ իրանական գազ, թեեւ այն շատ ավելի ձեռնտու է:

Նախարարը պատգամավորի պատասխանեց՝ սկսելով վերջին հարցից՝ նրան խորհուրդ տալով հայ-իրանական պայմանագրի միայն մի կողմը չնայել. «Մենք իրանական գազի դիմաց 3 անգամ ավելի մեծ էլեկտրաէներգիա պետք է տանք, սակայն մեր արտադրական հզորությունները, ծավալները դա թույլ չեն տալիս»:

Ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ համալիրին, ապա Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ 366 մլն դրամ հատկացվել է ամբողջ կայանում փորձաքննություն, աուդիտ անցկացնելու համար. «Եթե կայանի սեփականաշնորհումը լինի, բոլորն էլ կիմանան այդ մասին: Որոտանի ՀԷԿ-ը միշտ էլ եղել է սեփականաշնորհման ցուցակի մեջ ու միշտ էլ եղել են առաջարկներ:

Իհարկե, եթե մտցրել ենք ցուցակի մեջ, ուրեմն արդեն 10 տարի է՝սեփականաշնորհման մտադրություն ունենք»:

Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ նշելով, որ հազիվ մի պետական սեփականություն է մնացել, ինչո՞ւ են այն տալիս մասնավորին, մանավանդ այն նաեւ ամենաէժան էներգիա արտադրող կայանն է:

«Որոտանը 40 տարվա կայան է, ոնց որ մի 40 տարվա «Ժիգուլի» քշեք. այն իր ծառայողական ժամկետն ավարտում է, ռեսուրսից դուրս է, նրա համար ահավոր մեծ ներդրումներ են պահանջվում, որպեսզի մի քանի տարով նրա կյանքը երկարացնենք: Եվ, ի վերջո, ձեզ ո՞վ է նման բան ասել, թե ուզում ենք սեփականաշնորհել, որտեղի՞ց ձեզ նման տեղեկություններ. ի դեպ, դա ձեր՝ ԱԺ-ի, մտադրությունն է եղել սեփականաշնորհել Որոտանը»,- հայտարարեց Արմեն Մովսիսյանը:

«Պարոն Մինասյան, ձեզ չէի ասում, շատ մի խոսի, վերջը մենք մեղավոր դուրս կգանք»,- արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: