Հ. Բագրատյան. «Գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք» (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ոչ մի լավ բան չի կանխատեսում Մաքսային միությանն անդամագրվող Հայաստանի համար. «Եթե էսպես գնա, հարցեր կկանգնի Ռուսաստանի նահանգ դառնալու, իսկ եթե դա էլ Ռուսաստանը չուզենա, չի բացառվում, որ մարդիկ ասեն, է, հա, ավելի լավ հանգիստ որեւէ խոշոր երկրի մաս լինենք, նույնիսկ Թուրքիայի»։
Հրանտ Բագրատյանն ասում է՝ պետք չէ, որ Հայաստանը որեւէ միության մաս կազմի, ոչ Եվրամիության, ոչ էլ Մաքսային միության
«Եվրամիությանը ես չեմ հասկանում, գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք, երբ որ մի հատ վալյուտա կա ինչպես արտահանող, այնպես էլ ներմուծող երկրներին, եւ Մաքսային Միությունն էլ, ասել եմ, ինձ համար նույնպես անհասկանալի է, որտեղ մի միության մեջ են նավթ արտահանողն ու նավթ ներմուծողը»,-ասում է նա։
Նախկին վարչապետի տպավորությամբ՝ Հայաստանն արդեն շատ հեռու է գնացել Ռուսաստանի հետ հարաբերություններում. մի քանի օր առաջ Բրյուսելում եվրոպացիներն են անձամբ Հրանտ Բագրատյանին փոխանցել իրենց դժգոհությունը մեր իշխանություններից. «Իրանք էլ երկերեսանիությամբ չէին զբաղված»։
Ընդդիմադիր պատգամավորին չի ոգեւորում նույնիսկ ռուսների պատրաստակամությունը դրամաշնորհների տեսքով մեղմել գազի գնի բարձրացումը՝ դա ձրի պանիր է թակարդում։ 30 տոկոսը դրամաշնորհով փոխհատուցելը, ըստ Հրանտ Բագրատյանի, ռուսների հարկն է
«Կամ Մաքսային միության անդամ դառնալուց կամ ասոցացվելուց հետո այդ հարկը հանվում է, կամ դրա վճարումը հետաձգվում է, կամ դրա դիմաց գույք է տրվում, մասնավորապես ամենահավանական թեկնածուն Որոտանի համալիրն է, կասկադը, որ կուզենային վերցնել, կամ էլ մի հատ որեւէ ձեւով այդ փողը մեկ ա ինձանից, ձեզանից պետք է գնա»,-ասում է նա։
Հրանտ Բագրատյանը փաստում է, որ Հայաստանի ժողովուրդն այլեւս մեր երկրում ապագա չի տեսնում, ինքը առաջարկում է հրաժարվել բուրժուաֆինանսական պետության գաղափարից, ինչպիսին այսօրվա Հայաստանն է։ Մյուս կողմից դատելով արտագաղթից, նախկին վարչապետը հասկանում է, որ իշխանությունը մատը մատին չի խփելու, որ դա կանգնեցնի
«Իսկ ժողովուրդը ճիշտ է անում, որ փախչում է, որովհետեւ այլ ելք չի տեսնում, ապրել է պետք, կյանքը մի հատ է, անդրշիրիմյան կյանք չկա.,- ասում է նա։