2014թ.-ն մուլտֆիլմերի պրեմիերաների տարի կլինի
Հայկական մուլտիպլիկացիան այսօր վերելք է ապրում, քանի որ այս ոլորտում ավելացել են մասնագետները, որոնք որակյալ արտադրանք են ստեղծում: Կարծում է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
«Հայերեն մանկական արտադրանքն ավելի քիչ է, քան մեծերի համար նախատեսված ֆիլմերը, այդ իսկ պատճառով փորձում ենք լրացնել այդ բացը և անել այնպիսի նախագծեր, որոնք կլինեն երեխաների համար»,- ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Հովհաննես Թումանյանի 145-ամյակի կապակցությամբ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնը» պատրաստվում է իրականացնել մի նախագիծ, որն իրենից ենթադրելու է մուլտֆիլմերի շարք՝ Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծությունների հիման վրա:
«Ֆիլմերը պատրաստելու են տարբեր ռեժիսորներ՝ շատ տարբեր ոճերով: Նախագիծը ներկայացրել ենք Մշակույթի նախարարությանը, որն էլ հաստատել է հայտը: Եթե ֆինանսավորումը պակասի, մենք կփորձենք գտնել այլ միջոցներ»,- ասաց մուլտիպլիկատորը:
Դավիթ Սահակյանցը խոստանում է՝ 2014թ-ն լինելու է պրեմիերաների տարի: Հենց մյուս տարի է նախատեսված ավարտին հասցնել Թումանյանին նվիրված մուլտֆիլմերի շարքը: 2014-ին վերջնական տեսքի կբերվի նաև արդեն չորրորդ տարին շարունակվող «Անահիտ» ֆիլմի աշխատանքները, որը ստեղծվում է Ղազարոս Աղայանի համանուն հեքրաթի հիման վրա: Դավիթ Սահակյանցն ասում է՝ այսօր հայկական մուլտիպլիկացիան մրցունակ է և տեխնիկապես և իր որակներով չի զիջում օտարերկրյա ֆիլմարտադրությանը: Հենց դրա մասին է վկավում 85 րոպե տևողությամբ «Անահիտ» մուլտֆիլմը:
«Շատ քիչ ստուդիաներ իրենց կարող են թույլ տալ անել կլասիկ անիմացիայի ոճով լիամետրաժ ֆիլմեր: Իսկ եթե մենք դա կարող ենք անել, ու շատ ստուդիաներ ընդհակառակը՝ հրաժարվում են, որովհետև հասկանում են, որ դա բարդ է իրականացնել, ուրեմն մենք խոսում ենք նրա մասին, որ ունենք շատ պինդ դպրոց, որ զարգանում է և, միանշանակ, համարվում է մրցունակ»,- ասաց մուլտիպլիկատորը:
Այս պարագայում Դավիթ Սահակյանցը միակ խնդիրը կապում է ստեղծված ֆիլմերը ճանաչելի դարձնելու հետ: «Ունենք պրոդյուսերների և դիստրիբյուտերների խնդիր, որոնք պետք է կարողանան հայկական անիմացիան ճիշտ ներկայացնել և ճիշտ վաճառել: Չունենալով այդ օղակը՝ մենք ենք փորձում դա անել»,- ասաց անիմատորը: