Ուղիղ միացում. Ծխե՞լ, թե՞ չծխել
Մայիսի 31-ին` ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը(ՀԱՀ/ԱԾՀԿ), համագործակցելով Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) հետ, կազմակերպում է քննարկում՝ նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության խնդիրներին:
Քննարկման ընթացքում կներկայացվեն Հայ կամավորների միության կամավորների կողմից Հայաստանում առկա գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության տարբեր տեսակների մշտադիտարկման արդյունքները, դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), ինչպես նաև կքննարկվեն ՀՀ օրենսդրության և դրանց կիրարկման բարելավման հնարավորությունները:
Բանախոսներն են՝ Հայաստանի ամերիկան համալսարանի առողջապահակա ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատող «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Արուսյակ Հարությունյանը, Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) կամավոր Անի Ջիլոզյանը, Լիլիան Ավեդյանը, Անահիտ Բախշյանը եւ ՀՀ Առողջապահության նախարարության ԱԱԻ ԱՏՎՀԿ ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը:Քննարկմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը, DJ Vakcina-ն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:Ծխախոտի օգտագործումը մի շարք հիվանդությունների և դրանցով պայմանավորված մահերի թիվ մեկ կանխարգելվող պատճառն է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում:
Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առողջական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական հետևանքները կանխելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակվել է ԾՊՇԿ-ն և մայիսի 31-ը հռչակել է որպես ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի այդ օրը նվիրված է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության արգելքին:
«Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան պահանջում է, որ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում կողմերն ամբողջությամբ արգելեն ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորչությունը:
Հայաստանը 2004թ.-ին միացել է ԾՊՇԿ-ին, որին հաջորդել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Այնուամենայնիվ, ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության մի շարք տարբերակներ Հայաստանում դեռևս չեն կանոնակարգվում, որի արդյունքում գնալով աճում են ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության դեպքերը: