Արամ Մանուկյանը աշխատավարձը չի փոխանցի
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը չի պատրաստվում իր աշխատավարձը փոխանցել կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիներին։
«Դա լուծում չէ, դա ցուցադրական ակցիա է, որովհետեւ այն միլիարդները, որ տուժել են համայնքները, բոլոր պատգամավորները, իրենց բոլոր աշխատավարձերն էլ, որ գումարեն, մեկ համայնքի խնդիր էլ չի լուծվի, դա ընդամենը շոու է»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ պատգամավորը։
Արամ Մանուկյանի խոսքերով՝ գյուղացուն պետք է այնքան փոխհատուցում տալ, ինչքան վնասվել է. «Իշխանությունը ոչ թե պետք է օգնի, այլ փոխհատուցի ամբողջ գումարը»։
Պարոն Մանուկյանին հատկապես զարմացնում է այն հանգամանքը, որ իշխանությունները որոշել են, թե գյուղացին չպետք է մուծի հողի հարկ եւ վարկերը պետք է սառեցվեն 3 տարով։ «Հարկով գյուղապետը լուծում է գյուղացու խնդիրները։ Որոշումը նշանակում է, որ գյուղապետարանը ոչինչ չի կարող անել գյուղի համար։
Կամ վարչապետը ի՞նչ իրավունքով է մասնավոր բանկերի վարկերը սառեցնում , ո՞վ է տվել նրան նման իրավունք, երկուսն էլ բլեֆ է եւ հողի հարկի ազատումը եւ բանկերի վարկերի սառեցումը»,-եզրափակեց Արամ Մանուկյանը։
Մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել էր Արմավիրի մարզի 46 համայնքների բերքը։ Մոտ 12 հազար ընտանիք մնացել է առանց ապրուստի միջոցի, եւ վնասը կազմում է 25 մլրդ դրամ։