Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացու թույն քաղաքապետի համար

Քաղաքականություն
7f4866b79e17017792babf3481fbc129

Նյու Յորքի ոստիկանության համաձայն՝ քաղաքապետ Մայքլ Բլումբերգին հասցեագրված երկու նամակների անալիզի արդյունքում հայտնաբերվել է, որ դրանք պարունակում էին մահացու ռիցին թույնը:

Ծրարներից մեկն անցյալ ուրբաթ օրը բացվել էր Նյու Յորքի փոստային բաժանմունքներից մեկում, մյուսը՝ կիրակի օրը, Բլումբերգի հիմնադրած «Քաղաքագլուխներն ընդդեմ անօրինական սպառազինության» կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակում:

Ոստիկանության կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, երկու նամակներն էլ Բլումբերգին հասցեագրված սպառնալիքներ էին պարունակում, հիշատակվել էր նրա կողմից հիմնադրված՝ հրազենի վերահսկողության խստացնելու կողմ հանդես եկող կազմակերպությունը:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են նաև, որ Նյու Յորքում հայտնաբերված նամակի հետ աշխատող ոստիկանության ծառայողների մոտ հայտնաբերվել է ռիցինով առաջացրած թույլ թունավորում:

Դեռևս հայտնի չէ, արդյոք որևէ կապ կա Բլումբերգին հասցեագրված նամակների և անցյալ ամիս ԱՄՆ-ի նախագահ Օբամային, ԱՄՆ-ի սենատորներից մեկին և Միսիսիպի նահանգի մի դատավորի ուղարկված ծրարների միջև, որոնց մեջ նույնպես ռիցին էր պարունակվում: Այս գործով անցնող կասկածյալը ներկայում կալանքի տակ է:

«Ամերիկայի ձայն»