«Գալուստ Սահակյանը թող իր շուրջը նայի» (տեսանյութ)
ԱԺ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն երբեք աչքի չի ընկել իր կոռեկտությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Պատգամավորի խոսքերով՝ Գալուստ Սահակյանը իր շուրջը պետք է նայի, քանի որ Զարուհի Փոստանջյանն ընտանիք ունի, 4 երեխաների մայր է, եւ որեւէ մեկը իրավունք չունի նրան վիրավորելու։
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանին անվանել էր առաքինի տիկին, որը մեկ բան չգիտի. «Առաքինի տիկնոջը պիտի սովորեցնեմ, որ Ազգային Ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնեն, որ մեքենաները չկանգնեցնեն, դրանից նեղանա»,- հայտարարել էր Գալուստ Սահակյանը։
Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ դա լրջագույն էթիկայի խախտում է։ Սակայն դա չի կարող բարձրացնել Էթիկայի հանձնաժողովում, քանի որ բոյկոտում է հանձնաժողովի աշխատանքները։ Պատգամավորի խոսքերով՝ ոչ միայն ինքն է բոյկոտում, այլ նաեւ ՀՅԴ-ն։
«Այն պահին, երբ էթիկայի հանձնաժողովի համաչափությունը փոխվեց, նրա գոյությունն այլեւս անիմաստ է դարձել, դրանով է պայմանավորված նաեւ իմ բոյկոտը, որը խմբակցության որոշումն է», - նշեց նա։
Ասուլիսի ընթացքում անդրադառնալով գազի գնի թանկացմանը՝ տիկին Սարգսյանը նշեց, որ այսօր կանգնել ենք մի փաստի առջեւ՝ «իշխանությունները մեզ խաբել են»։
Նրա խոսքերով՝ թանկացման մասին լուրը դիտմամբ ընտրություններից առաջ թաքցվել է ժողովրդից։ Տիկին Սարգսյանի համար զարմանալի է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես հաջողվեց գազի գնի 68 տոկոս թանկացումը միանգամից իջեցնել 18 տոկոսի։ Նրա խոսքերով՝ դիտավորյալ են բարձր գին ասել, որ հետո ժողովուրդն ասի, թե «փառք աստծո շատ քիչ բարձրացավ»։
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝խնդրի միակ լուծումն կլինի այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարությունը հրաժարական տան։