ԱԺ պատգամավորը տուժել է 400.000 դոլար (տեսանյութ)
Մայիսի 12-ին տեղացած կարկուտից 400. 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կորուստ է կրել նաեւ ԱԺ պատգամավոր ,արմավիրցի Ալեքսան Պետրոսյանը։
Նա ստեղծել է հիմնադրամ՝ բնության աղետից տուժած գյուղացիներին օգնելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր նպատակը միայն գյուղացուն օգնելն է։
«Իմ բաժինը տալու եմ, այն ամենածայրահեղ ապրող ընտանիքին կտանք, ո՞նց ես կարող եմ գումար վերցնել»,- նշեց նա։
Կարկուտի հետեւանքով վնասվել էր Արմավիրի մարզի 46 համայնքների ողջ բերքը։ Մոտ 12 հազար ընտանիք մնացել է առանց ապրուստի միջոցի, եւ վնասը կազմում է 25 մլրդ դրամ։
ՀՀ ոստիկանությունն առաջինն է, ով միացել է նախաձեռնությանը՝ գյուղացիներին օգնելու համար եւ 11 մլն դրամ է փոխանցել այդ հիմնադրամին։ Նույնը պարոն Պետրոսյանը կոչ է անում նաեւ մյուս գերատեսչություններին։
Անդրադառնալով գյուղացիների վերցրած վարկերը սառեցնելուն, Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, նշեց, որ այդ վարկերը գյուղացիներին բարձր տոկոսադրույքներով են տրամադրվում։ Նրա խոսքերով՝ 10 տոկոսից բարձր չպետք է լինի, մինչդեռ այն տրամադրվում է 24 տոկոսով։
«Եթե հացը թխեին բանկիրները եւ վաճառեին 1000 դոլարով, մարդիկ կգնեին. քանի որ դրա պահանջարկը կա»,- նշեց նա։
Ի դեպ, Արմավիրում 700 կարկտային կայան է պետք, մինչդեռ հիմա տեղադրված է 101-ը։