Կկանխե՞ն գազի սակագնի բարձրացումը
«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է տապալել թանկացումների ռազմավարությունը։
«Անհնազանդություն պետք է սկսել, բոլոր տեսակի ընդվզումը մենք փորձելու ենք օգտագործել, որ իշխանություններն իմանան, որ այս անգամ իրենց մոտ ինչպես միշտ չի ստացվի։ Պետք է սկսել գազի սակագնի չվճարումից և այլն, և այլն»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը։
Նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ իրենք կարող են այնպես անել, որ գազի սակագինը ոչ միայն չբարձրանա, այլև նվազի.«Մենք կարող ենք գազի գինը նվազեցնել միայն մեկ պայմանով, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործի քաղաքականությունից անկախ, սակայն այսօր այն անկախ չէ»։
Գազի սակագնի բարձրացման հետ կառաջանան նաև լուրջ բնապահպանական խնդիրներն, իր հերթին վստահեցրեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Գազի թանկացումից հետո մարդիկ կհրաժարվեն օգտագործել այն, և կսկսվի ծառերի հատում։ Բնապահպաններն ինչքան էլ պայքարեն կանաչ տարածքների համար, ծառերի համար, չեն կարող ժողովրդի ձեռքը բռնել և ասել՝ մի կտրեք։ Գազի սակագնի թանկացման հետ տրանսպորտն էլ է թանկանալու, կաթնամթերքն էլ է թանկանալու։ Այստեղ հայ ժողովրդի կեցության խնդիրն է, լինել, չլինելու հարցը»,-ասաց Սիլվա Ադամյանը։