Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոնկրետ այդ ամպը չենք ուսումնասիրել» (տեսանյութ)

Քաղաքականություն
cd9de9e2e84ea837f67c1852ccccff65

ԱԺ-ում այսօր օրենսդիր եւ գործադիր մարմինները համատեղ խորհրդարանական լսումներ անցկացրին՝ կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղությամբ: Լսումներն անցկացվում են ԱԺ Գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովում, որին ներկա էր նաեւ Արմավիրի մարզպետը. նրա ղեկավարած մարզն ամենից շատ էր տուժել կարկուտից:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են արդեն իրականացրել եւ ինչ են նախատեսում: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի ծարք հարցեր ուղղեց նախարարին, որոնց Սերգո Կարապետյանը պատասխանում էր ընդհանրական եւ կարճ:

Մասնավորապես պարոն Փաշինյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ մեթոդական որեւէ օգնություն ցույց չտրվեց տուժած գյուղացիներին. «Մարդու այգին ջարդվել է, ու նա շփոթված վիճակում է: Միգուցե շատ դիլետենտական լինի ասածս,ներողություն եմ դրա համար խնդրում, միգուցե գյուղացիներին պետք է խորհուրդ տայիք, որ կարկտահարված տարածքներն, օրինակ, օգտագործեն անասնակեր պատրաստելու համար կամ ոչխար պահեն: Սա ես ուղղակի արձրաձայն մտածում եմ: Բացի այդ, մի տեսակ շատ ենք կենտրոնացել Արմավիրի մարզի վրա, իսկ Արագածոտնի մարզում վնասի չափերը որքա՞ն են կազմել»: «Մենք բոլոր հարցերն ուսումնասիրում ենք»,- եղավ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պատասխանը:

Նա նաեւ ավելացրեց, որ գյուղացին մենակ չի մնալու. «Մենք նրան միշտ կաջակցենք»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրան հորդորեց. «Պարոն նախարար հորդորում եմ ձեզ՝ զրուցեք գյուղացիներին ու ավելի մանրամասն ներկայացրեք, թե ինչ օգնություն ենք մենք տալու նրանց, որ նրանք ճիշտ ընկալեն, քանի որ սխալ մեկանաբանություններ են լինում երբեմն»: «Դա մեր
պարտքն է»,- արձագանքեց նախարարը:

Նախարարի վստահեցմամբ՝ հակակարկտային կայանների համար պատասխանատու է ԱԻՆ-ը:

ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց ենթակայության տակ այսօր կա 154 հակակտային կայան 4 մարզի 50 համայնքում, որոնք կարողանում են պաշտպանել 13 հազար հա տարածք։

Փոքրիկ բանավեճ տեղի ունեցավ ԱԻն ներկայացուցչի եւ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի միջեւ: Պատգամավորին հետաքրքրում էր. «Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ. կարկուտն ի՞նչ իմանա՝ ձեր մարզը որտեղից է սկսվում ու որտեղ ավարտվում: Ո՞վ է պատասխան տալու այդ կայանների չաշխատելու համար, մենք
չէ որ փող ենք վճարում: Պարոն Հովսեփյան, մի ընդհատեք, երբ ես խոսում եմ, ձեր աչքերից չի երեւում, որ դուք հասկացել եք իմ հարցը»:

Զավեշտալի իրավիճակ ստեղծվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԻՆ ներկայացուցչին: վերջինս ցայտնոտի մեջ հայտնվեց ու սկսեց պատասխաններ տալ, որոնք բոլորի ծիծաղն առաջացրին: Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր. «Դուք որեւէ ուսումնասիրություն կատարե՞լ եք՝ մարդկային գործոնը որքանով է ազդել կարկուտի հզորացմանը, քանի որ այդ դեպքում միգուցե քրեական գործ պետք է այս հարցով հարուցել: Ձեր նախարարը կրքոտ ձեւով ասում էր, որ հնարավոր է անձրեւաբեր ամպը վերածվի կարկուտի: Ես
այնպիսի մի շրջանից եմ, որտեղ կարկուտներն հաճախակի են, բայց կես ժամանոց կարկուտ դեռ չէի տեսել»:

«Ոչ, մենք որեւէ ուսումնասիրություն չենք արել եւ կոնկրետ այդ ամպը մենք չենք ուսումնասիրել»,- եղավ ԱԻՆ ներկայացուցիչ Ռոբերտ Հովսեփյանի պատասխանը: