Գազի գինը՝ ընտրախախտում (տեսանյութ)
«Հայաստանում պետք է նորից անցկացվեն նախագահի եւ ավագանու ընտրությունները»,-այսօր ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս իր պահանջը հիմնավորում է նրանով, որ իշխանությունը նախագահի ընտրություններից առաջ հասարակությունից թաքցրել է ռուսական կողմի հետ գազի գնի արդեն կայացած գործարքի մասին տեղեկությունը։
Իշխանությունը խաբել է ժողովրդին։ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի ավելացման հայտը եւ այդ փաստաթղթում կցված է պայմանագիր, ըստ որի գազի նոր գինը, այսինքն, նոր սակագնի գործարքը ուժի մեջ է ապրիլի 1-ից։ Հանձնաժողովը պնդում է, որ դրա մասին իմացել է մայիսի 13-ին։
Բայց եթե նոր պայմանագիրը գործում է ապրիլի 1-ից, ուրեմն առնվազն մեկ օր առաջ կամ մեկ ամիս առաջ այդ պայմանագիրը կնքվել է, այսինքն, գազի գնման պայմանագիրը նոր գներով կնքվել է ապրիլի 1-ից։ Սա նշանակում է մի բան, որ մեր իշխանությունը, կառավարությունը ստորագրել է գազի գնի մասին նոր պայմանագիր, բայց այդ մասին հասարակությանը տեղյակ չի պահել»,-ասել է Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս տեղեկացրել է նաեւ, որ նախագահի ընտրություններից առաջ, դեռեւս անցյալ տարի իշխանությունը մեկ այլ հանցավոր գործարք էր պատրաստում կնքել ռուսական կողմի հետ, ինչը կանխվել է ՀԱԿ-ի շնորհիվ։ «Անցյալ տարի հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հրապարակեցի մի տեղեկություն, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 20 տոկոս Հայռուսգազարդի իր բաժնեմասը 63 միլիարդ դրամով վաճառելու մասին, որ կարողանա մինչեւ ապրիլի 1-ը պահի 1000 խորանարդ մետրի համար 183 դոլար գինը։ Մեր բարձրացրած աղմուկից հետո նրանք վերանայել են այդ որոշումը եւ վճարել են ռուսներին այլ միջոցով։ Եվ այն, որ գազի գինը բարձրացել է 183 դոլարից ոչ թե մինչեւ 240 դոլար, այլ 270 դոլար, հենց այն կոմպենսիացիան է ռուսական կողմին, որով ծածկեցին այն վճարումները, որոնք պետք է արվեին 20 տոկոս բաժնեմասը վաճառելու միջոցով»,-բացահայտել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։ Իր բացահայտումները պարոն Զուրաբյան ամփոփել է Սերժ Սարգսյանի իշխանությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով։