Արքայազնը սեր կխոստովանի՞ Երեւանում
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չալզը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:
Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն:
Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:
«Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում: Սա «ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով», որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երևանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով: Այս առումով «Երևան, իմ սերը» շատ նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին:
2007 թվականի հունիսին ՆԱՄ Ուելսի արքայազնը, կրելով Շոտլանդիայի Մեծն Ստյուարդ տիտղոսը, գլխավորեց բարեգործական և մշակութային ժառանգությամբ զբաղվող հիմնադրամների կոնսորցիումը և ձեռք բերեց Դամֆրիների տունն իր ողջ գույքով և կից հողատարածքով, որպեսզի Դամֆրիների տունը պահպանվի անեղծ, վերականգնվի շրջակա տարածքը և մատչելի լինի հասարակայնության համար: Արմեն Սարգսյանը երկար տարիներ եղել է Դամֆրիների տան վերականգնման աջակիցը:
Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: ՅՈՒՆԵՍԿՈՆ ճանաչել է Մատենադարանը որպես համաշխարհային մշակութային նշանակութան կենտրոն, որտեղ պահպանվում են պարսկերեն, հիբրուերեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն հնագույն աշխատություններ, որոնցում արծարծվում են բազում առարկաներ` բժշկություն և գիտություն, քերականություն, արվեստ և այլն:
Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:
Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի վեհարանը:
Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:
Այս մասին հայտնում է ՄԲ դեսպանության մամլո ծառայությունը