«Չի կարելի ջարդել հղի կնոջ ցանկությունը»
Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են: Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից:
Այսպիսով, այս տարվա մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված են հավելյալ գումար վճարել, ինչը նշանակում է, որ միայն Երևանում գրանցված կանայք իրավունք ունեն օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից:
Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը անցկացրեց քննարկում, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց Հայաստանում ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրներին:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը, Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պողոսյանը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Ավագյանի պարզաբանմամբ` որոշման հիմնական նպատակը մարզերի ծննդօգնության հիմնարկների հասցեականության ուղարկվող ֆինանսական միջոցների ապահովը, կանանց բավարարվածության, ֆիզիկական մատչելիության բարձրացումը, բուժօգնության շարունակականության ապահովումն է:
«Հղիության նորմալ ընթացք ունենալու դեպքում կինը մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Չնայած այդ ամենի նա իրավունք ունի հղիության առաջին իսկ օրվանից դիմել Երևանի որևէ բուժհաստատություն և ինը ամիս շարունակ ծառայություններ ստանալ Երևանում վճարելով փոքրիկ գումար և կարիք չունենալով ապրել Երևանում, ներկայացնել կեղծ փաստաթղթեր, և այլն», ասաց Գայանե Ավագյանը` ավելացնելով, որ այն կանայք ովքեր ամիսներ շարունակ հսկողության տակ են գտվնում մարզային բուժհաստատություններում և ցանկություն են հայտնում ծննդաբերել Երևանում պետք է վճարեն 107 հազար ՀՀ դրամ պետական վճար:
Ավագյանը նշեց, որ ուղեգրման համար հիմք է ընդունվում ոչ թե գրանցման, այլ բնակության վայրը և նույնիսկ մարզերում գրանցված կանայք, եթե բնակվում են Երևանում և իրենց նախածննդյան հսկողությոնը ստացել են Երևանում, ապա կծննդաբերեն հենց մայրաքաղաքում:
Առողջապահության նախարարության տեսակետին հակադարձելով ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ասաց, որ պետք է հղի կնոջը ընտրության հնարավորություն տալ: «Թույլ տվեք մարդիկ իրենք ընտրեն, չի կարելի ջարդել հղի կնոջ ցանկությունը: Տեղայնացնելով խնդիր չեք լուծելու։ Պարտք կանեն, էլի կգան Երևանում կծննդաբերեն»:
«Մարզերի հիվանդանոցները չունեն համապատասխան տեխնիկա, և կանայք պարտքով գումար կվերցնեն կտեղափոխվեն Երևան, կծննդաբերեն այստեղ և հետո կվերադառնան», ասաց Պողոսյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը խոսելով որոշման մասին` նշեց, որ դժվար է չհամաձայնել Թևան Պողոսյանի տեսակետի հետ, որ ազատ ընտրությունը ամենաճիշտն է: Ըստ Հայրապետյանի` անհրաժեշտ է առաջին հերթին ժողովրդի հավատի ուղղությամբ աշխատել, որպեսզի մարդիկ հավատ ունենան մարզերի բուժհաստատությունների նկատմամբ: