«Ռուսաստանը պատժում է Հայաստանին»
Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանը փչացնում է: Հայաստանն ամեն ինչ անում է եվրաինտեգրվելու համար, դրա համար էլ, ըստ Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, Ռուսաստանը պատժում է Հայաստանին գազի թանկացմամբ:
«Հայաստանը Ռուսաստանին գցել է: Ռուսաստանի զայրույթը կապված է այն բանի հետ, որ հայերը որոշեցին ինտեգրվել «ԼՀԲՏ» միությանը (Լեզբիներ, հոմոսեքսուալներ, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ): Երբ, որ Ձեզ ասեն ՆԱՏՕ, դուք հասկացեք ԼՀԲՏ-երի զինված բանակ, երբ ասեն ԵՄ, հասկացեք ԼՀԲՏ-երի միություն, ուր էլ հիմա մեզ տանում են »,- համոզված է Աշոտ Մանուչարյանը:
Հայաստանի իշխանությունները, Աշոտ Մանուչարյանի համոզմամբ, Եվրոպայի հետ ինչ-որ քայլեր են արել, որոնք դուրս են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստան- Ռուսաստան պայմանավորվածություններից: «Հակառակ դեպքում դժվար է հասկանալ` վերջին 20 օրերի ընթացքում շատ ուժեղ հակահայկական քայլեր են կատարվում, եւ ոչ միայն գազի գնի հետ կապված: Ռուսաստանը միշտ ընդգծել է` գազը ստանալու եք ներռուսական գներով, որն այսօրվանից էապես էժան է: Ուրեմն եթե նա այս քայլից անցել է մեկ ուրիշ քայլի, նշանակում է` ինչ-որ բան խախտված է»,- կարծում է Ղարաբաղ կոմիտեի անդամը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նույնպես գազի թանկացման խորքային խնդիրներն է վերհանում: Աշոտ Մանուչարյանի հետ համամիտ է` պատճառը դեպի Եվրոպա թեքվելն է:
«Սերժ Սարգսյանը միշտ գնալու է այնտեղ, որտեղ փող են տալիս: Եթե Եվրոպան այսօր ասի, որ 2 մլրդ տալիս է, դուք Սերժ Սարգսյանին իր թիմով տեսնելու եք այնտեղ»,- ասում է Արամ Կարապետյանը: Այս տեսանկյունից Ռուսաստանի դիրքորոշումը տրամաբանական է. «Ռուսաստանն էլ այսօր գազն է թանկացնում, հետո միգրանտների խնդիրը կծագի, հետո կսկսի վիզաներով կանչել բոլոր նրանց, ովքեր կգնան Եվրամիություն, հետո էլ փողերի փոխանցումը կտրուկ կնվազի: Դրանով Ռուսաստանը կփորձի իր ներկայությունը ցավալի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել իրենից»,- ասաց Արամ Կարապետյանը: