«Տոնուս»-ից տուժածներին խոստումներ տվեցին (տեսանյութ)
Մեկ ամսվա ընթացքում «Տոնուս» շինարարական ընկերությունն իր դիմումի համաձայն սնանկ կճանաչվի: Մինչդեռ ընկերությունը բազմաթիվ քաղաքացիների անավարտ բնակարաններ է պարտք մնում: Այսօր Փափազյան 118/1 հասցեի 37 բնակարանի բնակիչներ Ֆինանսների նախարարության մոտ բողոքի ակցիա անցկացրին` պահանջելով իրենց բնակարանները.
«Տոնուս» ընկերությունը «Արցախ» բանկին իր ունեցած պարտքերի դիմաց գրավադրել է այս բնակիչների բնակարանները, որոնք բանկը կարող է աճուրդով վաճառել.
«Տոնուս» ընկերությունը բազմաբնակարան շենքի կառուցումը սկսել է 2007թ.-ին՝ խոստանալով այն ավարտին հասցնել 2009-ին եւ յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարել 0,1 տոկոս: Ընկերությունը մինչ օրս չի կատարել պայմանագրով պարտավորությունները:
Այսօր բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է Ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը եւ խոստացել միջամտել։