ԶԼՄ-ները խախտել են լռությունը
Մայիսի 5-ի ավագանու ընտրությունների ժամանակ՝ լռության օրը 4 համապետական հեռուստաալիքներ և 2 ռադիոալիք 60 խախտում են թույլ տվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով ակումբի իրականացած մշտադիտարկման արդյունքները։
«Եթե համեմատենք մեր մշտադիտարկման ընթացքում 3 ընտրությունները՝ խորհրդարանական, նախագահական և ավագանու, ապա նախագահական ընտրությունների ժամանակ կարելի է ասել ավելի աչալուրջ էին հեռուստաալիքները։ Այլ է իրավիճակը խորհրդարանակնա և ավագանու ընտրություններում, այստեղ այդ կարգի դեպքերը բավականին հաճախ էին, այս անգամ մենք հատուկ մնայել ենք ամբողջ եթերը և ֆիքսել ենք, բոլոր այն դեպքերը, որոնք պայմանականորեն կարող ենք կոչել խախտում։ Ինչու եմ ես պայմանականորեն բառն օգտագործում, քանի որ քանի որ ոչ օրենսդրությունն է հստակ ձևակերպում, թե ինչ է քարոզչությունը, ոչ էլ ՀՌԱՀ-ն»,-ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Իսկ ինչպե՞ս են հեռուստա և ռադիոալիքներ խախտել ընտրական օրենսդրությունը և լռության օրը քարոզչություն իրականացրել. «Կային նյութեր, որտեղ հնչում էին տարբեր տեսակի խոստումներ՝ քաղաքական ուժերի կողմից, երկրորդ տեսակը դա, երբ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը ներկայացնում էր կոչ իրենց համար, կամ արտահայտում էր մտադրություն՝ քվեարկել իր քաղաքական ուժի համար։ Կային նաև սյուժեներ, որտեղ կրկնվում էին քաղաքական ուժի կարգախոսները։ Ընտրողներին ուղղորդող դրվագներ արձանագրվել են բոլոր 7 ԶԼՄ-ներում. Հանրային ռադիոյում՝ 14, «Երկիր Մեդիայում»՝ 12, «Արմռադիոյում»՝ 10, Հ1-ում և «Արմնյուզում»՝ 8-ական, «Կենտրոնում» և Հ2-ում՝ 4-ական»,-նշեց Բորիս Նավասարդյանը։
Ավագանու ընտրությունների մշտադիտարկումը Երևանի մամուլի ակումբը երեք փուլով է իրականացրել։ Մյուս երկու փուլերն են ավագանու նախընտրական քարոզչությունը, մյուսը՝ մայիսի 5-ի ժամը 20-00-ից մինչև մայիսի 19-ը հետընտրական իրավիճակի լուսաբանումը։
«Նախընտրական պայքարի լուսաբանման ծավալներով դիրքերը զիջել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակաշրջանում առաջատարի դիրքերում է հայտնվել «ԱրմՆյուզ» հեռուստաալիքը։ Հետընտրական իրավիճակի լուսաբանման առումով առաջին տեղում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը»։