Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե game over լինի, կլինի բոլորիս համար»

Քաղաքականություն
09c73efff8ab293b08a301b3caca1469

Պահանջատեր ընդդիմություն, հայրենատեր իշխանություն: Իր արտահերթ ելույթն այսպես սկսեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի Արմեն Աշոտյանը:

Ինչպես երեկ ընդդիմադիր պատգամավորն էին սուր քննադատում իշխանություններին եւ մասնավորապես Կառավարությանը, այնպես էլ այսօր պարոն Աշոտյանը, անդրադառնալով նրանցից յուրաքանչյուրի ելույթին, սկսեց հակադարձել.

«Ինչո՞ւ եք դուք ձեզ վեր դասում այն ժողովրդից, որի մի մասն եք ու որին ծառայում եք: Հարգելի ՀՅԴ խմբակցություն, մենք առաջին հանրապետության դասերը լավ ենք սերտել ու ձեր դափնիներին չենք հավակնում»:

Առանց անուններ նշելու, պարոն Աշոտյանն ակնարկեց նաեւ «Ժառանգություն» խմբակցությանը. «ԱԺ ընտրություններից անցել է ընդամենը մեկ տարի ու այժմ այդ ուժը ներկայացնում է հինգ քաղաքական ուժ, իսկ մեկ այլ խմբակցությունում սերնդափոխության հարց է առաջացել: Հիմա կասեք, քո ինչ գործն է, որ խոսում ես այդ մասին: Կասե՞ք ինձ շատ անկեղծ, երբ հիասթափվեց հասարակությունը, երբ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, թե երբ երեք քաղաքական առանցքային ուժ ամպագոռգոռ հայտարարություններից հետո չառաջադրվեցին»:

Այնուհետեւ, նախապես ներողություն խնդրելով՝ Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաեւ ՀԱԿ խմբակցությանը. «ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ, այս ամենն ինձ հիշեցնում է 1990-ականները, երբ հինգ հատ «Լասկովիյ մայ» էր գաստրոլներով պտտվում երկրում»:

Ապա նա մատնանշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի երեկվա այն հայտարարությանը, թե այս իշխանություններին պատժել է պետք. «Մենք ձեր ուժին քաղաքական ամունիստիայի ենթարկեցինք, թեեւ ամունիստիա բառը ենթադրում է հիշողության կորուստ, սակայն մենք ձեզ ներել ենք՝ չմոռանալով»:

Իսկ սոցիալիստներին պարոն Աշոտյանը կոչ արեց ի վերջո համախմբվել ու դառնալ պահպանողական իշխանության գաղափարական ընդդիմախոսը:

Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Աշոտյանը հայտարարեց. «Ի վերջո, պետությունը  համակարգչային խաղ չէ ու չկան ռենջերներ, որոնք կարող են պայքարել չար ուժերի դեմ ու եթե գեյմ օվեր լինի, այն կլինի բոլորիս համար»:

Արամ Մանուկյանը փորձեց վարման կարգի հետ կապված խոսք ասել, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դա նրան թույլ չտվեց՝ ասելով. «Պարոն Մանուկյան, վարման կարգի հետ կապված կարող եք խոսք ասել միայն քվեարկությունից առաջ ու հետո»:

Արմեն Աշոտյանի ելույթից հետո երբ ամբիոնին մոտեցավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ընդդիմադիր բոլոր խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանը, որը բացեց թերթն ու սկսեց ընթերցել: