«Թող SMS ուղարկեն վարորդին»
Արագաչափերի և խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների մասին ծանուցման ձևը վարորդների համար ավելորդ խնդիրներ է առաջացնում: Կարծում է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Նա հստակ օրինակ է բերում, երբ փոստատարը խախտման մասին ծանուցում է տանում խախտում կատարած անձի նշած հասցե, իսկ քաղաքացին տանը չի լինում:
«Այդպես մի քանի անգամ փոստատարը գալիս է, իսկ այդ քաղաքացին նորից տանը չի լինում: Փոստատարն էլ գրում է «Չպահանջված» և ուղարկում է Ճանապարհային ոստիկանություն: Ոստիկանությունն էլ հնգապատկում է տուգանքի չափն ու այն ուղարկում է դատարան»,- ասում է պարոն Հովհաննիսյանը: Այսինքն` երբ փոստատարը գրում է «Չպահանջված», նշանակում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածով քաղաքացին չի եղել նշված հասցեում, խախտման մասին տեղեկությունը համարվում է ծանուցված:
Էդուարդ Հովհաննիսյանը նման հազարավոր դեպքեր գիտի, իսկ խախտման մասին ծանուցելու այս մեթոդը նա համարում է օդից գումար վաստակելու միջոց: Էդուարդ Հովհաննիսյանն առաջին անգամ չի բարձրաձայնում այս խնդիրը: Այն վերացնելու համար նույնիսկ Ազգային ժողով է դիմել, իսկ արձագանք դեռևս չկա:
«Սրա մասին գիտի նաև Կառավարությունը, Արդարադատության նախարարությունը, քաջատեղյակ է Ճանապարհային ոստիկանությունը, բայց ոչ ոք մատը մատին չի խփում սա վերացնելու համար, որովհետև այս դրույթը հակասում է «Փաստաթղթերի առաքման մասին» օրենքին»,- ասում է «Աքիլես» ՀԿ-ի նախագահը:
Օրենքը ասում է` խախտման մասին որոշումը ծանուցվում է 15 օրվա ընթացքում: Էդուարդ Հովհաննիսյանը սրանից ևս դժգոհ է. ասում է` վարորդներին իրենց խախտման մասին ուշ են տեղեկացնում. «Եթե վարորդին տուգանեն խախտումը կատարելու պահին, նա հաջորդ անգամ այդ խախտումը երբեք չի անի, որովհետև կիմանա, որ տվյալ փողոցում այս կամ այն բանն արգելված է»,- կարծում է Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա այս խնդրի լուծման լավագույն տարբերակն է գտել. «Խախտումը անելու պահին, թող անմիջապես SMS ուղարկեն վարորդին»: