Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական բառը մեր հերն անիծում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
46a47136d6f5ad1196079d63bf976cba

ԱԺ-ի այսօրվա նիստում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ափսոսանք հայտնեց, որ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից հնչեցին անհարկի վիրավորանքներ. «Ժամանակն է, որ ընտրարշավային տրամադրությունները հանենք մեր միջից, քանի որ դա տագնապային տրամադրություններ է ստեղծում մարդկանց մեջ: Ժամանակն է՝ խոսքից անցնենք գործի»:

Նա անհիմն համարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Կառավարության նիստերին մի հարցի քննարկումն ընդամենը մի քանի վայրկյան է տեւում. «Կառավարության հիմնական նիստից բացի լինում են նաեւ նախարարական այլ նիստեր, որոնք շատ նման են ԱԺ քննարկումներին, սակայն բացակայում են հայհոյախառն արտահայտությունները: Մեր ծրագրի գլխավոր մեխը ՀՀ-ի անվտանգ ու ապահով կերտումն է»:

Եթե երեկ ընդդիմադիր պատգամավորներն էին ակտիովորեն հանդես գալիս ելույթերով, ապա այսօր հակահարված տալու հերթը խորհրդարանական մեծամասնությանն էր:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտա Եսայանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ շատ ուրախ է, որ երեկ ելույթ ունենալու իր հերթը չհասավ. «Այնպիսի բացասական էներգետիկա կար երեկ այս դահլիճում, որ մտածում էի, թե ինչ պետք է վարվենք, որ այդ բացասական տրամադրությունը դուրս գա դահլիճից: Հասկացեք, սա քաղաքական փաստաթուղթ է՝ ընդունենք, թե չընդունենք, ու այն լրջագույն փաստաթուղթ է: Այո, այսօր մենք ունենք աշխատատեղերի պակաս, արտագաղթ ու աղքատություն, սակայն այս կառավարության ծրագրում կան նոր կետեր, եւ ծրագիրը կարդալիս այն ինձ շատ հուզեց: Նոր կետերից է սոցիալ-տնտեսական ծրագիր, որը մարտական է դառնալու, եթե դա այդպես չլինի, առաջին քննադատողը մենք ու հենց ես կլինեմ»:

Ըստ նրա՝ բոլորս գտնվում ենք Նոյի տապանի մեջ. «Եթե տապանին ինչ-որ մի վտանգ սպառնա, ոչ մեկը չի հարցնի օբիժնիկ ես, թե համակիր, բարձրահասակ ես, թե ցածրահասակ, ընդդիմադիր, թե իշխանավոր, վտանգը սպառնում է բոլորիս: Ու ընդհանրապես, այդ քաղաքական բառը մեր հերն անիծում է, ի վերջո, այս դահլիճում պրոֆեսիոնալներ են նստած, թե ոչ: Երկրի նկատմամբ մեր սերը ռոմանտիկա չէ, այլ իսկական սեր է: Եթե, հարգելի ընդդիմադիրներ, ուզում եք հեղափոխություն անել, ապա սկսեք ձեր գլխից: Կառավարության
քաղաքական կամքը չտեսնելը ես համարում եմ կարճատեսություն: Եթե կառավարությունը 5 տարվա ընթացքում պարտվի, դա կլինի բոլորիս պարտությունը, սակայն հավատում եմ, որ դա չի լինի»: