«Կառավարության գործատուն օլիգարխիան է»
Այս Կառավարությունը, թեեւ դե յուրե քաղաքական մարմին է, սակայն դե ֆակտո՝ ոչ: Այսօր Աժ-ում անդրադառնալով կառավարության ծրագրին՝ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով.
«Կառավարության կազմում չկան քաղաքական դեմքեր: Նրանց կեսագրությունը ուսումնասիրելիս ՝ կտեսնենք, որ մի մասը կուսակցությունից հրաժարվել են, որ կառավարության կազմում լինեն, մի մասն էլ կուակցական են դարձել, որ նախարար մնան»:
Նա ընդգծեց, որ պաշտոնյաներ կան, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ կային, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք էլ եւ հույս ունեն, որ էլի կնստեն. «Փաստն այն է, որ այսօրվա կառավարությունը որոշում ընդունող չէ, այլ կատարող մարմին է»:
Պարոն Փաշինյանը նկատեց, որ օլիգարխիայի, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարել դա նույնն է, որ որեւէ մեկը կարող է պայքարել իր գործատուի դեմ. «Իսկ այս կառավարության գործատուն օլիգարխիան եւ մենաշնորհն են»:
Նա նաեւ հայտարարեց, որ այսօրվա նախարարներից եւ ոչ մեկը՝ Հասմիկ Պողոսյանը, Տիգրան Դավթյանը, Վաչե Գաբրիելյանը՝ որպես քաղաքական դեմքեր, չեն ստացել ժողովրդի քվեն. «Այսօր երիտասարդները օտար լեզու են սովորում, որ գնան երկրից, իսկ Կառավարության ամենացայտուն կետը դա դինամիկ զարգացող Սփյուռքն է. դուք ոչ մի բան այնպես չեք զարգացրել, որքան Սփյուռքը»: