Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության առջեւ լարված իրավիճակ է (տեսանյութ)

Հասարակություն
a960325d79a587130e9572f01a96c5f2

Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են մոտ 100 քաղաքացիական ակտիվիստ, բնապահպաններ, ՀԱԿ երիտթեւի անդամներ,  «Ժառանգության» ներկայացուցիչներ, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր:

Ինչպես հաղորդում է «Ա1+»-ի թղթակիցն ակցիայի վայրից` նրանք փորձել են սեւ ժապավեններ եւ մեխակներ կապել կառավարության շենքի դիմացի ծառերին` այդպիսով փորձելով հարգել օրերս Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հիշատակը:

Ոստիկանության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել իրականացնել իրենց մտահղացումը` պատճառաբանելով, որ այդպիսով կխոչընդոտեն հետիոտների ազատ տեղաշարժը: Ակցիայի մասնակիցները` ի պատասխան ոստիկանների հայտարարեցին, որ իրական օրինախախտները հենց ոստիկաններն են:

Նշենք, որ այսօր առավոտյան զոհված զինծառայողի հայրը որդու դին դագաղով փորձել է բերել Երևան եւ բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց, սակայն նրա ճանապարհը փակել են ոստիկանությունն ու բանակը եւ բանակցություններից հետո որդեկորույս հորը համոզել են ետ տանել դիակը։

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն իրենց որդիների լուսանկարները ձեռքներին կառավարության շենքի մոտ բղավում են. «Տղա ենք տվել բանակին, որ դիակը հետ տա՞ն, ու հիմա էլ նոր դեպք է տեղի ունենում»:

Ակցիայի մասնակիցներն արդեն տեղեկացան, որ որդեկորույս հորը համոզել են ետ տանել որդու դագաղը, սակայն չեն պատրաստվում  հեռանալ կառավարության շենքի մոտից: Ինչպես մեր թղթակցին են նրանք ասել` այժմ սպասում են այն ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք այսօր եղել են դեպքի վայրում` Սեւան-Երեւան մայրուղու վրա:

Կառավարությունից ակցիայի մասնակիցներին ընդառաջ դուրս եկավ Քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին զրուցել նրա հետ` պահանջելով հանդիպում անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այդ նպատակով նրանք շարժվեցին կառավարության շենքի դռների մոտ, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց: Արդյունքում փոքրիկ բախում տեղի ունեցավ նրանց միջեւ:


Այս պահին  ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին եւ հայտարարեց, որ նրանց գործողություններն անօրինական են ու պահանջեց նրանցից հեռանալ: Այս հայտարարությունն ավելի զայրացրեց ակցայի մասնակիցներին, եւ նրանք, անտեսելով ոստիկանների ստեղծած պատը, առաջ շարժվեցին դեպի Կառավարության շենք ու սկսեցին խփել շենքի դռներին` պահանջելով հանդիպում վարչապետի հետ:  Ոստիկանների թիվը կրկնապատկվել է։