Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ հիմա կիսահղի են պահում» (տեսանյութ)

Քաղաքականություն
c0dafee69a70f93e277a469a6c0a27a7

Ազատության հրապարակում այսօր Նախախորհրդարանի հանրահավաքի ժամանակ կինոռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը հայտարարեց` եթե երկրից 20 տարվա ընթացքում բնակչության կեսը պակասել է, նշանակում է` մեզ պատերազմ է հայտարարված. «Մեր երկիրը օկուպացված է: Եթե մենք դա լավ հասկանանք, մենք կկարողանանք դրա դեմ պայքարել»:

Այսօրվա իշխանությունները, ըստ նրա, թեեւ խոսում են հայերեն, սակայն դա դեռ չի նշանակում, որ հայ են. «Նրանք ազգի դավաճան են: Մեր երկիրը արնահոսում է, քանի որ գյուղերի ու քաղաքների կեսը չկա, քանի որ ավտոբուսներով ամեն օր մի գյուղ է հեռանում երկրից: Օկուպացված երկրում չի կարող լինել ընդդիմություն, այլ կարող է լինել միայն դիմադրություն: Մենք ոչ մի կուսակցություն չենք հարում, մենք վերկուսակցական ենք եւ հենց դրա միջոցով ենք ստեղծելու իշխանություն: ՀՀ Սահմանադրության 2-րդ կետով ՀՀ-ն համարվում է սոցիալական երկիր, սակայն առաջին կետից այն կողմ ես չեմ ուզում գնալ, այն ասում է` իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իշխանությունը ձեւավորվելու է հրապարակներում, այլ ոչ թե որեւէ առաջնորդի պայմաններով»:

Նա նաեւ հայտարարեց, որ հայ ազգն ընդամենն ուզում է իր աշխատանքով իր ընտանիքը պահել. «Բայց մեզ մերժեցին դա, քանդեցին ամեն մեկիս փոքր աշխարհը: Մեզ հիմա կիսասոված, կիսագրագետ, կիսաժողովրդավար ու կիսահղի են պահում: Կիսաազատություն չի լինում: Այլեւս ոչ մեկի խոսքերին չենք խաբվելու, հավատում ենք միայն ինքներս մեզ: Ազգային-ազատագրական պայքար է մեզ սպասում»: