Իշխանավորները վստահ են՝ բունտ չի լինելու (տեսանյութ)
Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը չի կարծում, թե գազի սակագնի բարձրացումից հետո բնակչության արտագաղթը կմեծանա:
«Գազի գինն էլ չավելանա, ինչի՞ արտագաղթը չէր ավելանալու»,-ասում է նա։
Ըստ պատգամավորի, բնակչության սոցիալական ընդվզումն էլ չի կանխի գազի գնի թանկացումը։ Ռուսաստանը չի նահանջի, ավելին, ըստ նրա, գազի գնի բարձրացումն այսքանով չի սահմանափակվելու, էլի կբարձրանա . «Եթե եվրոպական կամ միջազգային չափանիշներին ընդունված մենք ասում ենք ինտեգրվենք կամ բոլորի պես լինենք, ուրեմն պետք ա նաեւ էդ ծառայությունները բոլորի պես ընդունելու կարողություն ունենանք»։։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ակնկալում է, որ ժողովուրդն ըմբռնումով կվերաբերվի գազի սակագնի բարձրացմանը։ Սոցիալական ընդվզում էլ նախարարը չի սպասում։ «Երեկ կառավարության նիստի սկսելուց մարդիկ հավաքվել էին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում։ Էն բանից հետո, երբ վարչապետը հնչեցրեց, թե ինչ է նախատեսվում, ինչ է արվել, մարդիկ ըմբռնումով վերաբերվեցին եւ հեռացան»,- Ա1+-ին ասաց նա։
Արդարադատության նախարարը լուծումը տեսնում է աշխատավարձերի բարձրացման մեջ։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպասում է աղքատության կտրուկ աճ, մինչ այդ, ըստ նրա, ժողովուրդը հազիվ թե գազի գնի թանկացման դեմ սոցիալական ընդվզման դուրս գա
«Ժողովուրդն այլեւս սոցիալական բունտի էներգիա չունի իր ներսում, որովհետեւ գտնվում է սոցիալապես կատաստրոֆիկ վիճակում»,-ասում է նա։։
Տիկին Զոհրաբյանը հստակ վիճակագրություն ունի, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Եվրամիության 18 երկրի ավելի էժան գներով է գազ վաճառում, քան Հայաստանին. «Ինչ որ մեկը սրա համար պետք է կրի՞ քաղաքական պատասխանատվություն»։
Կառավարության 30 տոկոս սուբսիդավորումն էլ է հարցեր առաջացրել ԲՀԿ պատգամավորի մոտ՝ ու՞մ փողերով է կառավարությունը պատրաստվում փակել այդ 30 տոկոսը, եթե բյուջեով նման ծախսեր չեն նախատեսել։
«Դու ինչ-որ տեղից դա պիտի կտրես, բա մենք չիմանանք որտեղից ա կտրվելու, ի՞նչ սոցիալական ծրագրեր չեն արվելու, որպեսզի այս նույնքան կարեւոր սոցիալական ծրագիրը սուբսիդավորվի»,-ասաց նա։
Սուբսիդավորելու պատրաստակամություն հայտնած Տիգրան Սարգսյանի կառավարությունը տիկին Զոհրաբյանը բնորոշում է իբրեւ երկիրը կործանման տանող։ Նա համոզված է, որ իշխանությունը մի օր պատասխան կտա այն ամենի համար, ինչ բերում է այս ժողովրդի գլխին. «Բայց ես շատ չեմ ցանկանում, որ էդ պատասխանը լինի դատարկված Հայաստանի հաշվին»։։