Դատավորները կախված են Վճռաբեկի նախագահի՞ց (տեսանյութ)
ՀՀ Սահմանադրությունը չի երաշխավորում դատական իշխանության բացարձակ անկախությունը։ Այն ուղիղ կախում ունի օրենսդիր եւ գործադիր մարմիններից, այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Հանձնաժողովն ի թիվս այլ օրինագծերի այսօր քննարկեց նաեւ «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Պարոն Ջհանգիրյանը ընդգծեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմինները պետք է միայն հակակշիռ լինեն դատական իշխանությանը:
«Բայց մենք մինչեւ հիմա գնում ենք այն ուղղությամբ, որ անկախացնենք, անկախացնենք, բայց դուք նրան անկախացնում եք իշխանության այլ ճյուղերից ու դնում եք Վճռաբեկ դատարանի նախագահի տակ, եւ դուք չեք ունենում ոչ մի անկախ դատական ատյան»,-ասաց նա։
Գագիկ Ջհանգիրյանն իրավական ոլորտի ներկայացուցիչներին այսօր կոչ արեց չընկնել ծայրահեղությունների մեջ. «Այսօր առաջին ատյանի դատավորից մինչեւ վերաքննիչ դատարան զեկուցում է Վճռաբեկ դատարանի ղեկավարությանը»:
Գագիկ Ջհանգիրյանի հետ համամիտ էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նրա կարծիքով` դատական համակարգը հնարավոր չէ բարելավել օրենսդրական փոփոխություններով:
«Հակակշռող դերը ԱԺ կողմից ինչ-որ մի կերպ պետք է մենք կյանքի կոչենք, որը մինչ օրս չի արվում»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։