Ակցիա դատախազության մոտ (տեսանյութ)
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հավատում է, որ մինչեւ օգոստոս Հայաստանում քաղբանտարկյալ չի լինի։
Իր լավատեսական հայտարարությունը նա հնչեցրեց այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն ՀԱԿ 4 ակտիվիստների կազմակերպված ակցիայի ժամանակ։ Պարոն Մանուկյանը կոչով դիմեց իշխանություններին. «Չվնասել Հայաստանի վարկին՝ ունենալով քաղբանտարկյալ: Հայաստանն է վնասվում, ոչ միայն շարժումը, Տիգրանը, այլ Հայաստանի վարկն է միջազգային կառույցներում ընկնում, ու դա շատ ամոթալի է»:
Պարոն Մանուկյանը, ինչպես նաեւ բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել, որ ՀԱԿ 4 ակտիվիստները, ՝Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը,Արտակ Կարապետյանը եւ Դավիթ Քիրամիջյանը 2-6 տարով անազատության են դատապարտվել միայն իրենց քաղաքական հայացքների համար:
4 երիտասարդներից Արտակ Կարապետյանն այսօր անկեղծացավ, որ ակնկալիքներ չունի նույնիսկ դատական գործը կրկին վերաքննիչ դատարան ուղարկելու փաստից:Նման որոշում կայացրել էր մոտ 10 օր առաջ Վճռաբեկ դատարանը։
«Դատական համակարգը հանցագործ իշխանության կամակատարն է , այսինքն՝ ինչ հրահանգ իջեցվի, դա էլ կկատարվի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երիտասարդները անազատության են դատապարտվել 2010թ. Կարապի լճի հարեւանությամբ ոստիկանների հետ բախվելու եւ նրանց նկատմամբ ուժ կիրառելու մեջ։
Երիտասարդներից միայն Տիգրան Առաքելյանն է անազատության մեջ, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել մինչեւ դատավարության ավարտը։