«էլ թազա բաներ չունե՞ք պատմելու»
Աբովյան քաղաքում սկսվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունը: Այստեղ ներկա է քաղաքական դաշտի ողջ էլիտան: Բացման արարողությանը մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը ժամանել է տիկնոջ հետ: Նրանց դիմավորեց Գագիկ Ծառուկյանը:
Պարոն Քոչարյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, ժպտալով, աջուձախ բարեւելով քաղաքական գործիչներին, մտավ եկեղեցի:
ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին դիմելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ «էլ թազա բաներ չունե՞ք պատմելու»: Հետեւի շարքում կանգնածներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանին հորդորեց՝ մի քիչ շուտ-շուտ երեւացեք: Ժամանել է նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան նույնպես դիմավորեց Գագիկ Ծառուկյանը: Վերջիններս արդեն բավականին երկար ժամանակ կանգնած զրուցում են:
Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը մասնակցում է նաեւ լուսահոգի Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը: Այստեղ են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Նրան ուղեկցում են ՀԱԿ խմբակցության անդամներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը: Լրագրողները Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի եկել, նա պատասխանեց, թե հարմար տեղ չեն ընտրել հարցեր տալու համար:
Մանրամասներն այստեղ