Կաթնամթերքի թանկացումն անխուսափելի՞ էր (տեսանյութ)
«Աշտարակ կաթ»-ը իր սպառողներին խնդրում է ներողամիտ լինել եւ ըմբռնումով մոտենալ կաթնամթերքի թանկացմանը։
«Մենք լավ հասկանում ենք, որ դա ցանկալի երեւույթ չէ, բայց հաշվի առնելով մնացած թանկացումները դա համաչափ է»,-այսօր «Ա1+»-ին ասաց
«Աշտարակ կաթ» ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Արամ Մինասյանը։
Վերջին օրերին « Աշտարակ կաթ» եւ «Մարիանա» ընկերությունները իրենց կաթնամթերքի գները թանկացրել են 8-ից 10 տոկոսով։
«Աշտարակ կաթ»-ի մարկետինգի բաժնի ղեկավարը նշում է, որ իրենք 2011 թ-ից սկսած իրենք ամեն կերպ փորձել են զսպել կաթնամթերքի գնաճը.
«Զուտ իր ներքին ռեսուրսների եւ վարկերի հաշվին, բայց ինչը չի կարող երկար շարունակվել։ 2011 թ-ից սկսած մինչ այսօր մթերվող հում կաթը, որը հանդիսանում է մեր հումքը, թանկացել է մոտ 35 տոկոսով»։
Արամ Մինասյանի խոսքերով բացի հումքից՝ արտադրության մեջ օգտագործվող բոլոր նյութերն ու պարագաները ներկրվում են արտերկրից։ Իսկ տարադրամի արժեզրկումից ընկերությունը տուժում է։
«Մթերքն իրացվում է տեղական շուկայում դրամով, իսկ ներկրվող ապրանքի դիմաց վճարվում է արտարժույթով»,- նշեց նա։
Արամ Մինասյանն նաեւ ավելացրեց, որ գյուղացիներից մթերվող կաթի գինը վերջին օրերին չի թանկացել։ Սակայն կաթնամթերքը նախկին գներով վաճառելու դեպքում իրեն լուրջ վնասներ կկրեն։
Չնայած «Աշտարակ կաթ» ընկերության բացատրությունների ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է սկսել կաթնամթերքի շուկայում՝ գնային տատանումները պարզելու համար։
Դրանք կհրապարակվեն առաջիկայում: