Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք մասնակիցն էին «Հարսանիքին Լեռներում» (տեսանյութ)

Հասարակություն
456052a9efb44ca9416463ee771e3f78

Սամվել Փափազյանն ու Արմեն Մինասյանը երկար տարիների ընկերներ են: Մայիսի 9-ը այն է օրն է, որ նրանք ուր էլ լինեն, միասին պետք է նշեն:

Նրանց ընկերությունը սկսվել է մարտի դաշտից, միասին անցել են Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհով, վայելել նաեւ Շուշիի ազատագրման բերկրանքը:

«Հանձնարարությունը շատ ծանր էր, օպերացիան շատ կարեւոր: Ջոկատը գնում էր որպես մահապարտ, հանձնարարությունը այդպիսին էր, որ ողջ հետ չէինք գալու: Մենք գիտակցում էինք, որ գնում ենք զոհվելու, բայց պետք էր անել հանուն հայրենիքի»,-ասում է ՀԱԲ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Փափազյանը:

«Մայիսի 7-ին բոլորս հավաքվեցինք: Բարձրացանք Ջանհասար Քյոսալարի ուղղությամբ: Դիրքավորվեցինք, երեկոյան ուշ ժամ էր մոտավորապես 30 կմ մտել ենք ադրբեջանցիների թիկունք, ամբողջ հարվածը վերցնելով մեր վրա, ու սկսեցինք ամենադաժան մարտը»,-ասում է փոխգնդապետ Արմեն Մինասյանը:

85 հայ ազատամարտիկներից կազմված ջոկատը մարտի ընթացքում ընկել է շրջափակման մեջ: Ադրբեջանցիների հարվածի ուղղությունը վերցնելով իրենց վրա` Շուշին թեթեւանում է ադրբեջանցու զորամիավորումներից, եւ հայկական մյուս ջոկատները, կարողանում են Քարին տակից բարձրանալով, ազատագրել Շուշին:

«Մոտ տաս անգամ ավել ազերիների դեմ պայքարեցինք, 6-7 ժամ ահեղ մարտից հետո, մեզ շրջապատեցին, իրենք շատ մեծաքանակ էին»,-պատմում է Փափազյանը:

Շրջափակումից դուրս գալուց հետո 2 ընկերներն էլ վիրավորվում են: Այսօր նրանցից յուրաքանչյուրը հիշում է ոչ թե իր վիրավորվելը, այլ ընկերոջ:

«Մայիսի 8-ին ժամը, 12-ից հետո մեզ արդեն բերեցին Երեւան: Շրջապատումից զոռով դուրս գալուց Սամվել Փափազյանի տարան 8-րդ հիվանդանոց, ծանր վիրավոր էր, ծնոտից գնդակը էս կողմից մտել էս կողմից դուրս եկել»,-պատմում է Մինասյանը ընկերոջ մասին:

«Արկը տանկի Արմենի ուղղությամբ ուղիղ կպավ Արմենին, հողաթմբի հետ մի մեքենա բեռնատար վերցրեց, մոտ մի 5-6 մետր շպրտեց օդով, եւ Արմենը սենց օդով պտտվելով վայր ընկավ: Մի կերպ վեր կացավ, կանգնեց բայց արդեն արյունահոսություն կար, կոնտուզիայի նշաններ»,-ասում է Փափազյանը:

Ապաքինվելուց հետո շտապել են հանդիպել, Շուշիի ազատագրման առիթով միմյանց շնորհավորելու եւ կրկին մարտի դաշտ վերադառնալու՝ հաղթանակը լիակատար ավարտին հասցնելու համար:

«Ես հպարտություն զգացի, որ եւ ողջ եմ, եւ Շուշին է ազատագրված: Գիտեի, որ ինչ գնով էլ լիներ, պիտի ազատագրվի, հոգեպես զգում էի»,-ասում է Փափազյանը: