Ո՞ւմ են տալու մանկատան սաների բնակարանները (տեսանյութ)
Մանկատան նախկին սաների համար կառուցված շենքը վաճառվում է այլ մարդկանց։ Այսօր այս մասին կառավարության մոտ ահազանգեցին մանկատան նախկին սաները, որոնք հույս ունեին, որ վերջապես սեփական տանիք կունենան։
«Վարչապետը երկու տարի առաջ եկավ մեզ մոտ, մենք մատնացույց արեցինք, որ տուն սարքեք տվեք մեզ, հիմա սարքել են, երկու ամսից վերջացնում են, հիմա գիտենք, որ արդեն վաճառվում է, դա մերը չի»,-ասաց մանկատան նախկին սան Գայանե Սահակյանը։
Այսօր կառավարության նիստից հետո մանկատան նախկին սաներն իրենց հուզող հարցն ուղղեցին Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին. «Ես ձեզ նշեցի՝ կգանք կուսումնասիրենք, մենք լուծումների մասին ձեզ կասենք»
Արտեմ Ասատրյանի անորոշ պատախանն էլ ավելի խորացրեց բողոքի ակցիայի մասնակիցների անհանգստությունը. Որտե՞ղ պետք է ապրի մանկատան սանը այդ հաստատությունը լքելուց հետո։
Տարբեր տարիներին Գավառի, Սովետաշենի և Գյումրիի մանկատաներից դուրս եկածները հիմնականում բնակություն են հաստատել նախկին հանրակացարաններում,որոնք անմխիթար վիճակում են։
Մանկատան նախկին սաներն անգամ իրենք են առաջարկել վերանորոգել նախկին հանրակացարանը և իրենց հատկացնել։ Անտեսվել է նաեւ այս առաջարկը։
«Որոշել ենք գնալ նախագահի մոտ, մեր անձնագրերը շպրտենք, ասենք՝ մենք էս երկրից դուրս ենք գալիս, այս երկիրը մեզ համար չի։ Եթե մի երկրում չունես բնակարան, չունես հող, չունես աշխատանք, ուրմեն էս երկիրը քոնը չի»,-ասաց Գավառի մանկատան նախկին սան Իգոր Կարամանյանը։