Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

93 000 մայր լույս աշխարհ չի գա (տեսանյութ)

Հասարակություն
8a546b2a9f24644efc0f413cd4d57298

Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է 90-ականներից և այժմ կազմում է 114-115 տղա` 100 աղջկա դիմաց: Արական սեռի նորածինների գերակշռության այս ցուցանիշը աշխարհում ամենաբարձրներից մեկն է, և զիջում է միայն Չինաստանին և Ադրբեջանին: Նման ուսումնասիրություններ կատարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը 2012թ. հունիս- 2013թ. հունվար ամիսներին: ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը փոստում է, որ սա կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների հանգեցնել:

«Մինչև 2060թ. մենք չենք ունենա մոտ 93 000 մայր, որոնք կարող էին ծնվել, և 80 000 մարդ պակաս կունենանք այս երևույթի պատճառով»,- ասաց նա:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ Հայաստանում մինչև 15 տարեկան տղա երեխաների թիվը աղջիկների թվին գերազանցում է շուրջ 39 000-ով: Ընդ որում հետաքրքիր է, որ տղա ունենալու շարունակական փորձերը հանգեցրել են այն բանին, որ հայաստանյան ընտանիքների մեծ մասում տղաները տարիքով ավելի փոքր են, քան աղջիկները:

Ի դեպ, եթե օրինակ Սյունիքի մարզում նորածինների հարաբերակցությունը չափավոր մակարդակի վրա է, ապա Գեղարքունիքի մարզում (124) արական սեռի նորածինների գերակշռությունն ավելի բարձր է, քան Չինաստանում(118):

«Եթե չկարողանանք կասեցնել այս երևույթը, ապա ամուսնական ամենաակտիվ տարիքի` 20-39 տարեկան տղամարդկանց մի մասը շուտով սկսելու է ընտանիք կազմելու դժվարություններ ունենալ և, կին չգտնելով, ստիպված են լինելու արտագաղթել` դրսից կին գտնելու համար»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

Հայաստանում առկա են սեռով պայմանավորված հղիության ընդհատման բոլոր նախադրյալները. մեր հասարակությունը բնույթով հայրիշխանական է, և տղա երեխաներին գերադասում են աղջիկներից: Ինչպես նաև, Հայաստանում առկա են համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել անցանկալի աղջիկ երեխաներից: