Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կստեղծվի ընդհանուր տեղեկատվական տարածք

Հասարակություն
873fd4a4689a8207748f988484701f2d

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 28-ը Հայաստանում իրականացվել է «Երիտասարդական ՀԿ-ների դերը տեղեկատվական հասարակությունում» միջազգային ծրագիրը, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած 35 երիտասարդ առաջնորդներ. Ֆրանսիա, Լատվիա, Գերմանիա, Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա, Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ, Ղազախստան, Չեխիա, Բելառուս և այլն:

Միջազգային սեմինարի նպատակն է երիտասարդների համատեղ ուժերով ստեղծել ընդհանուր տեղեկատվական տարածություն, վեր հանել առցանց երիտասարդական աշխատանքի արդյունավետ մեթոդները և խրախուսել դրանց կիրառումը Հայրենիքի ու Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների կողմից: Կազմակերպիչների կարծիքով ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակել երկարատև համագործակցության ծրագրեր և ապահովել ծրագրի շարունակականությունը:

«Ծրագրի մասնակիցները ակտիվորեն ներգրավվել են ՀՀ սփյուռքի նախարարության "Հայերենն իմ սրտում է" համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքներում, այնուհետև անցան իրենց նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման պլանավորմանը: Հրավիրված փորձագետները մասնակիցներին անհրաժեշտ հմտություններ են հաղորդում, որոնք առաջիկայում օգտագործվելու են տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների միջև առցանց հաղորդակցության դյուրացման համար», - տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ, Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում գործող հայկական երիտասարդական ու համայնքային կառույցների գործունեությունը, կլոր սեղանի շուրջ քննարկելու առաջիկա համատեղ ծրագրերն ու նախագծերը:

ՈՍՏԱՅՆ-ը ծրագիրն իրականացնում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: