Կրկնօրինակները չեն տրամադրվել
Համահայկական Բնապահպանական Ճակատը ապրիլի 5-ին պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որի մեջ, ի թիվս այլ փաստաթղթերի, խնդրել էին տրամադրել նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ողջ գործունեության ընթացքում Բնապահպանական պետական տեսչության կողմից այդ ընկերության վերաբերյալ կազմված արձանագրությունների կրկնօրինակները, եթե դրանք առկա են:
Ապրիլի 17-ին ստացվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից ստորագրված պատասխանը.
«Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված Ձեր 05.04.2013թ հարցման՝ կապված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված նախատեսվող գործունեությունների փորձաքննական եզրակացություններին առնչվող նյութերի հետ, հայտնում եմ, որ ելնելով նյութերի մեծ ծավալից և էլեկտրոնային տարբերակների բացակայությունից, դրանց կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում /ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18/:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում հաշվարկվել են շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերը, որոնք ընկերությունը փոխանցել է ՀՀ պետական բյուջե»:
«Քանի որ այդ ստուգումների արձանագրությունների կրկնօրինակները մեզ չեն տրամադրվել, իսկ պատասխանում նշված չէ, թե ինչպես է կարելի ծանոթանալ դրանց հետ, ստիպված ենք բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին հիշեցնել, որ հարցմանը պետք է պատասխանել ամբողջովին ու լիարժեք, և համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների` կրկին խնդրում ենք տրամադրել մեզ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ողջ գործունեության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների կրկնօրինակները»,- հայտարարում է Համահայկական Բնապահպանական Ճակատը։