Ակցիա. «Արմեն Ազիզյանը ակցիզ չի տալիս» (տեսանյութ)
Ապրիլի 18-ից առանց ակցիզի սկավառակների վաճառքն օրենքով արգելվում է: Այն խախտողների համար նախատեսված է տուգանք աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով;
Թվային օպտիկական կրիչների առք ու վաճառքով զբաղվողներն այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել հայտնելու համար, որ ի վիճակի չեն կատարելու օրենքի պահանջը։
Ըստ նրանց՝ համապատասխան մարմինները հրաժարվում են նրանց ակցիզ տրամադրել։ Ակցիայի մասնակցիները գիտեն նաեւ մեղավորի անունը;
«Մտավոր սեփականության գործակալության պետի կամայական գործողությունների հետևանքով այսքան մարդ հայտնվել են կառավարության շենքի դիաց։ Արմեն Ազիզյանի գործողությունների շնորհիվ մեզ ակցիզներ չեն տրամադրվում»,-պնդում է ակցիայի մասնակից Դավիթ Խանոյանը։
40 ամյա Արտաշես Բոստանջյանը արդեն 18 տարի է այս ոլորտում աշխատում։ Այսօր նա կանգնել է փաստի առաջ;
«Ես ուղղակի չգիտեմ` ինչ եմ անելու այս ամբողջ ապրանքը,որը կուտակել եմ տարիների ընթացքում։Մենք ստիպված հավաքել ենք, տարել լցրել մի տեղ անիմաստ ու երևի թե պիտի թափենք։Այսօր ուրիշ ճանապարհ չունենք »,-վրդովված նշեց ակցիայի մասնակիցը։
Հավաքվածներին այսօր մոտեցավ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա միայն մեկին՝ Դավիթ Խանոյանին հրավիրեց բարձրանալ իր հետ խնդիրը քննարկելու: Մնացածներին Ալեքսանդր Ղազարյանը խոստացավ օրվա ընթացքում գրավոր պատասխան տալ։