Hollywood Non-Stop՝ Գյումրիում
Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ համատեղ ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։
Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց նաև, որ նվագախումբը որդեգրել է դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու քաղաքականությունը, և իրենք պարբերաբար տարբեր ծրագրերով ելույթ են ունենում մարզերի երաժշտասեր հանդիսատեսի համար։
Երիտասարդական նվագախումբը «Hollywood Non-Stop» ծրագրով արդեն իսկ հանդես է եկել Վանաձորում, Եղեգնաձորում, իսկ ապրիլի 19-ին սիրված ֆիլմերի մեղեդիները կհնչեն Արտաշատում։
Երեկ երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում (մենակատար` կլարնետահար Իգոր Ֆյոդորով (Ռուսաստան):
Հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժինը։