«Իշխանության լռությունը անհասկանալի է» (տեսանյութ)
Այն, ինչ կատարվել է «Արմավիայի» հետ, մենաշնորհի հետևանք է,- կարծում է ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։
«Ստեղծված իրավիճակում ես միայն մեկ ելք եմ տեսնում։ Պետք է Հայաստանը ունենա 2 փոխադրող ավիաընկերություններ, մեկը պետք է պետությունը ստեղծի,որը կապված չէ մեծ գումարների հետ, իսկ մյուսը պետք է լինի մասնավոր։ Միայն այս միջոցով կստեղծվի առողջ մրցակցություն», - այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շահեն Պետրոսյանը։
Ստեղծված իրավիճակում պարոն Պետրոսյանին ամենից շատ զայրացնում է այն, որ չնայած կրիտիկական իրավիճակին իշխանությունը շարունակում է լռել. «Իրականում «Արմավիայի» հետ կատարվում է այն, որ վերջինս բոլոր տեղերում պարտքեր է կուտակել և իրեն թույլ չեն տալիս թռիչք իրականացնել։ Ոլորտը ոչնչացման եզրին է, իսկ իշխանության լռությունը անհասկանալի է» ։
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը իր հերթին համոզված է, որ Հայաստանը պետք է ունենա օդային օրենսգիրք. « ԱՊՀ երկրներից միայն մենք չունենք օդային օրենսգիրք։ Նման խնդիրները ծագում են, որվհետև երկրում չկա ոչ ռազմավարություն, և ոչ էլ օրենսդրական կարգավորումներ»։
Ռազմավարություն ստեղծելու առումով տիկին Իզաբելլայի հետ համամիտ է նաև կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը. «1991 թվականից մեր պետությունում ռազմավարություն գոյություն չունի։ Իրենց հարգող բոլոր երկրները վաղուց արդեն ունեն ռազմավարություն, իսկ Հայստանի համար այն առավել կարոևոր է, քանի որ մենք կիսապատերազմական իրավիճակում ենք գտնվում»։