«Դպրոց նորոգելը շատ ավելի կարևոր է»
«ՆՓԱԿ»-ում շարունակվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած «Դպրոցները` լուսանկարներում» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ` Հայաստանի 6 մարզերի 26 դպրոցներից, որոնք ունեն անբարենպաստ շենքային պայմաններ:
Դրանցից շատերը չունեն սանհանգույց, պատուհաններ, որոշները կիսաքանդ վիճակում են, պատերը ճաքճքված, ծեփաթափ ու բորբոսնած, չկան հարմարավետ սեղաններ և նստարաններ, մարզադահլիճներ... Լուսանկարները տրամադրել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մարզային կամավորները, ինչպես նաև` ՀԿ-ների և դպրոցների ներկայացուցիչները:
Ցուցահանդեսում թեեւ ներկայացված են 26 դպրոցներ, սակայն ըստ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանի մարզերի շատ դպրոցներ են այս վիճակում
«Կարծում եմ, որ Հայաստանում մի դպրոց նորոգելը շատ ավելի կարևոր է, քան որևէ հսկա եկեղեցի կառուցելը: Եկեղեցաշինության ու կղերականությունը դպրոց մտցնելու փոխարեն, թող այս դպրոցները նորոգեն ու կարգին դպրոցներ կառուցեն»,- ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Հասմիկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ կգտնվեն բարերարներ, ովքեր ֆինանսներ կուղղեն դպրոցների շենքային պայմանների բարելավմանը:
Ցուցահանդեսը բաց է այսօր մինչեւ 17-ը: