Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ գիտնականները կմեկնեն գործողումների

Հասարակություն
a54205d6d3d7f0eed8cab5bf8a97cd85

Չորս երիտասարդ գիտնականներ առաջիկա ամիսներին կմեկնեն միջազգային գիտական գործուղումների: Գործողումն իրականացվելու է Սերժ Սարգսյանի հովանու ներքո՝ «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Մասնավորապես, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Գարիկ Եգանյանը մարտի 21-ին Մոսկվայում կմասնակցի Պիրոգովյան ուսանողական միջազգային 8-րդ գիտաժողովին։ Գարիկ Եգանյանը հանդես կգա զեկույցով։ Պիրոգովյան միջազգային ուսանողական գիտաժողովում երիտասարդ հետազոտողները ներկայացնում և քննարկում են իրենց կողմից կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները։

Հայաստանը միջազգային այս գիտաժողովին մասնակցում է առաջին անգամ։ Գործուղման ընթացքում նախատեսված են նաև Գ. Եգանյանի հանդիպումները Ռուսաստանի ազգային բժշկական հետազոտական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահի հետ։
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայի բաժնի առաջատար մասնագետ Գոհարիկ Մարտիրոսյանն ապրիլի 2-4-ը ներկա կլինի Մոսկվայում անցկացվելիք «Տնտեսության և հասարակության արդիականացում» խորագրով 14-րդ միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը համատեղ կազմակերպել են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտությունների համալսարանը, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։ Գոհարիկ Մարտիրոսյանը գիտաժողովին կներկայացնի «Համայնքների տնտեսության մեջ ներդրումների գրավչության բարձրացման ուղիները» զեկույցը։
ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակցուհի Աննա Գյուլխանդանյանն ապրիլի 24-26-ը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում կմասնակցի «Միկրոտեխնոլոգիաներ-2013» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպել է Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միությունը։ Աննա Գյուլխանդանյանը կներկայացնի «Պորֆիրինների կոմպլեքսագոյացումն արծաթե նանոմասնիկների հետ» զեկույցը։

Երևանի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Կարեն Ղազարյանը հունիսի 23-26-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցի IJAS-ի կազմակերպած միջազգային համանուն գիտաժողովին։ Գերմանիայում Կարեն Ղազարյանը կներկայացնի իր կողմից կատարվող գիտական աշխատանքները։

Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։