Ակցիա Մշակույթի նախարարության առջեւ
ՀՀ մի խումբ քաղաքացիներ այսօր՝ ժամը 12.00-14.00-ը, կհավաքվեն Մշակույթի նախարարության դիմաց` հինգ օր առաջ Գառնու կամրջի վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները ստանալու նպատակով: Քաղաքացիները գտնում են, որ Հայաստանի հասարակությունը պետք է իրականացնի ամենը` երկրում հանրային հաշվետվողականության մշակույթը հիմնավորելու համար:
«Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թիվը մեկով նվազեց` ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնած «վերականգնման» արդյունքում, որպես հուշարձան` վերացավ Գառնու 11-13դդ միջնադարյան կամուրջը: Դա հնարավոր դարձավ համապատասխան մարմինների անփութության, ոչ թափանցիկ գործելաոճի, կատարվող աշխատանքների անբավարար վերահսկողության, հանրային հաշվետվողականության փաստացի բացակայության, գուցե նաև որոշ կոռուպցիոն հանգամանքների առկայության պայմաններում:
Մեզ մնում է ենթադրել` ՀՀ Մշակույթի նախարարությունը «մոռացել» է, որ դարերի ընթացքում կուտակված և մեզ հասած ողջ պատմամշակութային ժառանգությունն ունի միայն մեկ տեր` հայ ժողովուրդը և հայ հասարակությունը, որի իրավունքն է հաշվետվություն պահանջել այդ ժառանգության պահապանից և պատասխանատվության ենթարկել իրենց»,- նշված է հայտարարության մեջ։