Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթը՝ վաղը (տեսանյութ)
Լուսինե Կարապետյանը տասը թեկնածուներից միակ կինն է, ով վաղը կմասնակցի Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարաված մրցույթում։ Մասնագիտությամբ գյուղատնտես և քիմիկոս 55-ամյա կինն այսօր աշխատում է Գառնիի թիվ 2 ավագ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի։
Ցանկությունը դառնալ արգելոցի տնօրեն՝ իրենն է, ընտանիքն էլ միայն աջակցում և ոգևորում է։ Կարծում է` տնօրենի համար ունի ամենակարևոր հատկանիշները. «Աշխատանքում լինել կարգապահ, լավ տիրապետել աշխատանքային կարգ ու կանոնին և լինել բարեխիղճ աշխատող»։
Լուսինե Կարապետյանը իր 9 մրցակիցներից որեւէ մեկին չի ճանաչում, սակայն վստահ է, որ ինքը կհաղթի, իսկ հաղթանակից հետո խոստանում է.
«Առաջին հերթին ես ցանկություն ունեմ համագործակցել միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ։ Համագործակցել նաև տուրիստական գործակալությունների հետ և կազմակերպել արշավներ արգելոցի տարածքում։ Պայքարելու եմ որսագողերի դեմ, խստիվ արգելելու եմ մուտքը արգելոց»,-ասաց Լուսինե Կարապետյանը։
Խոսրովի պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարած մրցույթը կկայանա վաղը՝ Բնապահպանության նախարարությունում, ժամը 15-ին։
Բնապահպանները, որոնք վերջին շրջանում իրենց ուշադրության կենտրոնում են պահում Խոսրովի պետական արգելոցը, վստահեցնում են, որ հետևելու են մրցույթի ողջ ընթացքին:
«Չենք թողնելու, որ խաղեր տան»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Եղիա Ներսեսյանը։
Բնապահպան, լուսանկարիչ Եղիա Ներսեսյանը հիշեցնում է, որ իրենց պայքարի շնորհիվ 2012թ, նոյեմբերին արգելոցի տնօրեն դարձած Գաբրիել Պողոսյանը հրաժարական տվեց։
Ի դեպ, Խոսրովի արգելոցի պաշտոնի համար պայքարելու համար հայտ ներկայացրած 11 թեկնածուներից մեկը՝ Էոկոնոմիկայի նախարարության աշխատակից Վահան Դավթյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այդ մասին մեզ հայտնեց Վահան Դավթյանը՝ պատճառաբանելով, թե մրցակցություն չկա։