Ինչպես են օգնում սիրիահայերին
Սփյուռքի նախարարության սիրիահայերի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին ներկայացվեց, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից դրամական աջակցություն է տրամադրվել երեւանաբնակ 156 սիրիահայ ընտանիքի:
Աջակցությունը տրամադրվել է նաեւ բնակարանների, կոմունալ վարձերի, դեղորայքի ձեռքբերման եւ այլ նպատակներով:
«Իսկ կենցաղային իրեր, սառնարաններ, լվացքի մեքենաներ, ջեռուցիչներ տրամադրվել է 215 ընտանքիների, ըստ իրենց պահանջի»,-ասում է Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Ըստ հունվար ամսվա տվյալների` Երեւանում փաստացի բնակվում է 489 ընտանիք 1372 անդամներով, որոնց մեծ մասը ապրում է կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանում:
Պարենային աջակցություն տրամադրվել է 66 ընտանիքի, իսկ բարեգործական ճաշարաններում ընդգրկվել է 11 սիրիահայ:
Կենսաթոշակի իրավունք է ստացել 31 սիրիահայ քաղաքացի, նպաստի իրավունք`9-ը:
Իսկ Երեւանի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել են 131 սիրիահայ քաղաքացիներ, որոնցից աշխատանք են գտել 64-ը:
«Բոլոր գործատուները, ովքեր սիրիահայերի են ընդունում աշխատանքի, հիացմունքով են խոսում նրանց մասին: Ստեղծվել է սիրիահայերի բրենդ: Իրենք իրենց աշխատատեղում եւ մրցունակ են, եւ գրագետ, եւ պատասխանատու, եւ նոր մշակույթ են բերում նաեւ մեր աշխատանքային մշակույթում: Սա շատ հաճելի է»,,-ասում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը հավելում է, որ սիրիահայերին ուղղված կրթական, սոցիալական, առողջապահական խնդիրները շարունակվելու են լուծում ստանալ: