40 սուրբ մանուկների հիշատակության օրն է
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Մեծ պահքի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնախմբում է Սեբաստիայի քառասուն մանուկների հիշատակը:
4-րդ դարի սկզբին նահատակված քառասուն մանուկներն իրականում Սեբաստիա քաղաքի կայսերական գնդի զինվորականներ էին, ովքեր խիզախորեն վկայում և խոստովանում էին իրենց հավատը:
Հրաժարվելով զոհ մատուցել կուռքերին` նրանք բանտարկվում են, ապա ձմեռային մի գիշեր նետվում Սեբաստիայի մոտակայքում գտնվող լիճը: 40 զինվորներից մեկը, չդիմանալով փորձությանը դուրս է նետվում լճից ու մահանում: Մնացյալները լուսադեմին երևում են լուսե պսակներով: Նրանց հսկող զինվորականն այդ տեսարանից ազդված դարձի է գալիս և նետվելով լիճը պսակակից դառնում սուրբ վկաներին:
Սակայն աստվածային հրաշքը չի կանգնեցնում հեթանոսներին. առավոտյան նրանք լճից դուրս են բերում 40 մանուկներին և նահատակում, ապա խոշտանգված մարմինները լցնում գետը, որպեսզի քրիստոնյաների ձեռքը չանցնի: Բայց Սեբաստիայի եպիսկոպոսը տեսիլքով գտնում է սրբերի նշխարները և ամփոփում մի վայրում, ուր հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի եկեղեցին: